ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 56

Մարտ/ապրիլ. Սուրբ Զատիկը շարժական տոն է և հայ առաքելական եկեղեցու երկրորդ գլխավոր տոնն է: Զատիկը տոնում են մարտի 21-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում` գարնանային գիշերահավասարից հետո առաջին լիալուսնին հաջորդող կիրակի օրը: Զատիկը 35-օրյա շարժունակություն ունի, և դրանով են որոշվում հայ եկեղեցական մյուս տոների օրերը: Զատիկը սկսվում է Ավագ Ուրբաթ օրը և տևում մինչև կիրակի: Սուրբ Հարության տոնակատարության ժամանակ մարդիկ միմյանց ողջունում են ‹‹Քրիստոս հարյավ ի մեռելոց›› ավետիսով և պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»: Ավանդույթի համաձայն` Զատկի տոնին մարդիկ կարմիր ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար:

Հայաստանում Զատկի տոնին նվիրված ավանդական խաղ կա. լավ եփված ձվերը բաժանում են բոլորին, որից հետո կողմերից մեկը ձուն պահում է ձեռքում, իսկ մյուսն իր ձվով հարվածում է դրան` փորձելով կոտրել այն: Պարտվողը հաղթողին է նվիրում կոտրած ձուն: Զատկի հաջորդ օրը հանգուցյալների հիշատակի օրն է, որ կոչվում է մեռելոց:

Մարտի 8. Կանանց միջազգային օրը շատ կարևոր տոն է հայերի համար, քանի որ այդ օրվանից սկսվում է կանանց նվիրված միամսյակը: Կանայք ստանում են նվերներ և ծաղիկներ իրենց ընտանիքի անդամներից, ընկերներից և գործընկերներից:

Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը համարվում է կանանց ամիս:

Ապրիլի 7. Կանանց ամիսն ավարտվում է Մայրության և գեղեցկության տոնով (Մայրության տոն): Այս կարևոր օրը մայրերը նվերներ և ծաղիկներ են ստանում իրենց երեխաներից:

Երևան. հիմնական տեղեկություններ

Հայկական տոները և հիշատակի օրերը