Օդանավակայան. Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Հայաստանի Հանրապետության գլխավոր օդային դարպասն է: 1961 թ.-ից գործող օդանավակայանը գտնվում է մայրաքաղաքից 12 կմ (7.45 մղոն) դեպի արևմուտք: Այսօր այն Հայաստանի և Կովկասյան տարածաշրջանի ամենաշատ չվերթեր իրականացնող օդանավակայանն է: 2002 թ. հունիսին օդանավակայանը 30 տարի ժամկետով փոխադարձ համաձայնությամբ կառավարման է հանձնվել «Արմենիա» միջազգային օդանավակայանների ընկերությանը: Վերջինս արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ղեկավարած արգենտինական «Ամերիկյան ընկերության» (“Corporacion America”) դուստր կազմակերպությունն է: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը արդիականացվել է և ընդարձակվել` դառնալով Հարավային Կովկասի առաջատար օդանավակայանը: Ուղևորների սրահում կա փոստային գրասենյակ և բիզնես կենտրոն, որտեղ կարելի է օգտվել ֆաքսից, ինտերնետային և հեռախոսային ծառայություններից: Զբոսաշրջիկները կարող են նաև Հայաստանի վերաբերյալ տեղեկություններ ստանալ ժամանման սպասասրահում տեղադրված սենսորային էկրանով տեղեկատվական ցուցանակի միջոցով: Ժամանելուն պես կարող եք օգտվել օդանավակայանի բազմապիսի ծառայություններից` բանկեր և արժույթի փոխանակման կետեր, գնումներ, ռեստորաններ, սրճարաններ, ուղեբեռի պահպանման կետ, ավտովարձույթ և տաքսի ծառայություն: «ԱերոՏաքսի» ՍՊԸ-ն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական ուղևորափոխադրողն է: Գործում են նաև 17 և 18 համարի երթուղային տաքսիները, որոնք աշխատում են Երևան քաղաքի տարբեր թաղամասեր - օդանավակայան երթուղով:
Սակագները կայունեն` կախված պատվերի ուղղությունից: Կան նաև այլ տաքսի ծառայություններ, որոնց հետ որոշ դեպքերում կարելի է սակարկել:
Երևան կարող եք հասնել նաև ավտոբուսով: 201 համարի ավտոբուսը օդանավակայանին է կապում քաղաքի Սայաթ-Նովա փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկները: Օդանավակայանից քաղաքի կենտրոն կարելի է հասնել նաև 108 համարի ավտոբուսով: Հայաստանի կառավարությունը ծրագրում է Երևանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին կապել նաև մետրոյի միջոցով, որի համար պետք է ընդարձակել Երևանի ներկայիս մետրոպոլիտենը կամ կառուցել մետրոյի նոր գիծ:
Բարի գալուստ Երևան
Երևան. հիմնական տեղեկություններ