ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 132

Խոսրովի պետական արգելոց

Ակնարկ

Տարածքը՝ 29,196 հեկտար / 72,144.9 ակր

Բարձրությունը՝ 1,600-2,300 մ / 5,249.34-7,545.93 ոտնաչափ

Հեռավորությունը Երևանից՝ 75 կմ / 46.6 մղոն

Խոսրովի պետական արգելոցը հիանալի վայր է բնության, քայլարշավների, վրանային արշավների սիրահարների համար, ինչպես նաև էկոտուրիզմի լավ տարբերակ է: Կենդանական աշխարհը հարուստ է կաթնասունների, սողունների, երկկենցաղների, ձկների և թռչունների տարատեսակներով: Բնապատկերն աստիճանաբար փոխվում է Աժդահակի հրաբխային լուսնային լանդշաֆտից մինչև արգելոցի անտառապատ գեղատեսիլ լեռները: Զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի յուրօրինակ կենսաբազմազանությանը ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աշխատանքին: Գիշերակացը կարելի է կազմակերպել հիմնադրամի Ուրցաձորում գտնվող էկոկենտրոնում :

Իսկ դուք գիտե՞ք

Խոսրովի պետական արգելոցն աշխարհի ամենահին արգելավայրերից մեկն է: Վայրի բնության պահպանումը Հայաստանում կարևորվել է դեռևս հնագույն ժամանակներից: Հայ Խոսրով Գ Կոտակ թագավորի (գահակալել է մ.թ. 330-338թթ) մ.թ. 334-338-ին հիմնած արգելոցն ունի 1,700 տարվա պատմություն:

Պաշտպանված անտառ ստեղծելու թագավորի նպատակը Արտաշատ և Դվին քաղաքների, դրանց հարակից տարածքների բնապահպանական պայմանների բարելավումն էր, ինչպես նաև՝ բուսական և կենդանական աշխարհների պահպանումն ու հարստացումը: Խոսրովի անտառը նաև որսորդության և ժամանցի վայր էր հայ թագավորների և ազնվականության համար: Այս իրադարձությունների մասին իրենց աշխատություններում հիաշատակել են 5-րդ դարի հայ պատմիչներ Մովսես Խորենացին և Փավստոս Բյուզանդը: