Երկուշաբթի 2 Յուլիս 2018 - Թիւ 1 ՀԱՅՐԵՆԻՔ - ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ
Էջ 7
Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան Կրթութեան Նախարարութեան ուղենիշը
Կրթութիւն եւ գիտութիւն
Հայոց Պատմութեամբ մեզի յայտնի ժամանակներու ամենամեծ իմաստասէր հայորդին Սուրբ Մեսրոպ Մաշտոցն է , որ աւանդած է , թէ այս աշխարհը դպրոց է , ուր կը ծնուին մարդիկ ՝ որպէսզի կրթուին ու հնարաւորին չափ կատարելութեան հասնին , եւ օգտակար դառնան հեռու եւ մօտիկ մարդկութեան ։ Սա այն խարիսխն է , որուն յենուելով նորածինը կը ձեւաւորուի եւ ժամանակի հետ կը կայանայ որպէս պիտանի ՄԱՐԴ ։ Ահա ՀԱՅ մարդու գիտակցութեան առաջնահերթութիւնը , որմէ կը բխին ինքնաճանաչողութեան ապա եւ ընդհանուր ճանաչողութեան կառուցողական նախադրեալները ։ Մարդկութեան մեծագոյն դժբախտութիւններէն մէկն այն է , որ շատ շատերը աշխարհ կուգան ու կը մեկնին անկէ ՝ չդառնալով ինքնուրոյն անհատականութիւն ընդհանրապէս ։ Այո , կրնան ձեռք բերել կրթութիւն , արհեստ , բարձրագոյն ուսում , տիտղոսներ , հարստութիւն ՝ բայց իրենց տեղը չեն գտներ հանրութեան մէջ , որովհետեւ չեն կրնար բացայայտել իրենց գոյութեան բուն նպատակն ու առաքելութիւնը , եւ աջ ու ձախ կը խարխափին ամբողջ կեանքի ընթացքին , եւ այդ պատճառով ալ վնաս կուտան շրջապատին ՝ գիտակցաբար թէ անգիտակցաբար , փոխանակ օգտակար ըլլալու ։ Ինչո ՞ ւ , որովհետեւ իրենց կեանքի սկզբնական շրջանին չեն ստացած այն անհրաժեշտ ճանաչողական գիտելիքները ՝ որոնցմով պիտի նաւարկէին կեանքի յորձանուտին մէջ ։ Հայ մարդն ի սկզբանէ եւ մինչեւ 19-20-րդ դարերու ցեղասպանութիւնը ՝ ունեցած է կենցաղավարութեան եւ զարգացման բոլոր կարգ ու կանոնները , եւ ապրած է անոնցմով , եւ դարեր շարունակ հեռու մօտիկ ազգերու կողմէ ճանչցուած է Աստուածային Օրէնքներու կրող , իր երկիրն ալ Օրէնքներու երկիր ՝ բայց վերջին 150 տարիներուն օտարները այդ ամէնը ներկայացուցած են որպէս ՀԱՅ մարդու մեծամտութիւն , հիւանդագին հոգեբանութիւն , մինչդեռ երբ կը նայիս շուրջ բոլորդ ՝ կը տեսնես ՀԱՅ մարդու վերելքներն ու յաջողութիւնները աշխարհի բոլոր կեդրոններուն մէջ , բացի իր երկիրէն ։ Ցեղասպանութիւնը խարխլեց ՀԱՅ մարդու հաւատքն իր պապերու փոխանցած խորհուրդներուն եւ թողած մշակութային ժառանգութեան հանդէպ , ու կտրեց զինք իր արմատներէն ։ Եւ մեր գիտուններէն ոմանք ամբողջ մէկ դար ու աւելի ինկան մեր անկման պատճառները որոնելու ետեւէ , մեղադրեցին թիւրքին , հրեային , պարսիկին , արաբին , ապա եւ անգլիացիին ու ֆրանսացիին , ռուսին ՝ բայց չնայեցան մեր պատմութեան էջերուն խորքերը , կամ չըմբռնեցին անոնց մէջ դրուած ուղերձները , ուստի եւ չկրցան ուղղել մեր ազգը դէպի աղբիւրը լոյսի , որով կարելի էր բուժուիլ ու վերակառուցուիլ ։ Այսօր կրնանք հաւաստիացնել , որ գտնուած են հիմքերը ՀԱՅ դպրոցի , որով առաջին հերթին մեր լեզուն կը բարձրանայ համաշխարհային բարձրագոյն պատուանդանին , անոր յենուած մեր մշակոյթը կրնայ տալ կիրառական նորարարութիւններ , կը ճշգրտէ մարդկութեան պատմութեան իսկութիւնը , ժամանակագրութիւնը , եւ կրնայ բացայայտել գալիքի գիտութիւնները ։
ՄՈՎՍԷՍ ՆԱՃԱՐԵԱՆ Արեւմտեան Հայաստանի Կրթութեան եւ Գիտութեան Նախարար
Հայ ազգային երաժշտական դպրոց
19-րդ դարուն Կոմիտաս վարդապետը ուսումնասիրեց հազարաւոր տարիներու պատմութիւն ունեցող հայկական մշակոյթը , մաքրեց զանոնք օտար ազդեցութիւններէ եւ ստեղծեց ազգային երաժշտական դպրոց ։ Ցեղասպանութենէն ետք ո ’ չ Արեւմտեան Հայաստանի , ո ’ չ ալ Սովետական Հայաստանի մէջ կեանքի կոչուեց այդ դպրոցը ։ Արեւմտեան Հայաստանի մէջ ընդհանրապէս արգիլուեցաւ << հայ >> բառը , իսկ Սովետական Հայաստանի երաժշտական մասնագիտական դպրոցի հիմքին դրուեցաւ Եւրոպական համակարը , որն զգալի տարբերութիւններ ունի մեր ազգային երաժշտութենէն ։ << Հայկական եկեղեցական եւ ժողովրդական երաժշտութիւնը հիմնուած է ոչ թէ եւրոպական ութնեակի համակարգի վրայ , այլ քառալարի սիստեմի վրայ ՝ այնպէս , որ նախորդ քառեակի վերջին ձայնը կը դառնայ յաջորդի առաջին ձայնը ։ Մեր երաժշտութիւնն իր ամբողջ ազգային ոգիովն ու ոճով նոյնքան արեւելեան է , որքան որ պարսկական-արաբականն է . բայց ո ՛ չ պարսիկ-արաբականը մերն է , և ո ՛ չ ալ մերը նորա մի մասն է . այլ խնդիր է ՝ թէ նոցա ազդեցութեան ենթարկուած է . ճիշտ այնպէս , որպէս մեր լեզուն հնդ-եւրոպականի մէկ ճիւղն է , այսպէս են և պարսկերէնը , քրդերէնը , գերմաներէնը , եւ այլն , բայց մեր լեզուն ո ՛ չ գերմաներէն , ո ՛ չ քրդերէն եւ ո ՛ չ ալ պարսկերէն է >>։ Կոմիտաս Հայութեան պահպանութեան համար շատ կարեւոր կը համարենք մշակոյթի մաքուր , ճիշտ մատուցումն ու տարածումը ։ Ատոր համար կարեւոր խնդիր է ազգային << դպրոցի >> ստեղծումը ։ Արեւելեան Հայաստանի մէջ հեշտ է խնդիրի լուծումը ։ Արդէն որոշ քայլեր կ ՛ արուին ազգագրական երգերը տարածելու համար , որոնք պիտի անհրաժեշտութիւն ստեղծեն աւելի մասնագիտական լուծումներու համար ’ երգուսուցումներ , ձայնագրութիւններ , դասախօսութիւններ , պարուսուցումներ …. Արեւմտեան Հայաստանի մէջ աւելի բարդ է խնդիրը ։ Հաւանաբար անհրաժեշտութիւն կայ էլեկտրոնային ’ տարբերակով աշխատելու ։ Օրինակ , եթէ ստեղծուի կայք մը , ուր ամփոփուած կ ՛ ըլլան ազգագրական երգերու ձայնագրութիւններ , Կոմիտասի յօդուածներն ու ուսումնասիրութիւնները , տարբեր երաժիշտներու մշակումներ ու աշխատութիւններ , ինչը լաւ ուղղութիւն կրնայ դառնալ որեւէ սկսնակ երաժիշտի կամ առհասարակ ազգային մշակոյթով հետաքրքրուող անձի համար ։
Անի Նաւասարդեան Արեւմտեան Հայաստանի Մշակոյթի Նախարար www . westernarmeniatv . com