ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 59

Նման մոտեցումը հիմնված է այն գաղափարի վրա, որ ապացուցման բեռը կրող կողմի պահանջի իրավացիությունը առավել հավանական է, քան դրա մերժման իրավացիությունը ։ Այսինքն ՝ դատավորը ապացույցի նման ձևաչափով որոշում կայացնելիս ոչ թե պետք է որոշի, թե որ կողմն է իրավացի, այլ, թե որ կողմի իրավացիությունն է առավել հավանական ։
219. Հավանականության այս չափանիշը կիրառվում է, որպես կանոն, մրցակցային դատավարության պայմաններում և քաղաքացիական դատավարությունում, քանի որ չափազանց վտանգավոր է ապացույցի նման բեռ սահմանելը քրեական դատավարությունում ։ Այդուհանդերձ, քրեական բնույթի որոշ տեսակի իրավախախտումներ բացահայտելիս օգտագործվում է սկզբունքորեն նման, սակայն առավել խիստ մոտեցում ՝ փաստի կանխավարկածը, ըստ որի փաստերի առատությունից բխեցվում է ոչ թե հավանականություն կամ ենթադրություն, այլ կանխավարկած, նախադատելիություն առ այն, որ տվյալ հանցագործությունը կատարվել է, քանի դեռ կասկածյալը( մեղադրյալը) հակառակը չի ապացուցում ։ Փաստի կանխավարկածի դեպքում ապացուցման բեռը ինքնաբերաբար անցնում է կասկածյալի / մեղադրյալի վրա ՝ որպես ընդհանուր կանոնից բացառություն ։ Օրինակ, եթե անձին ձերբակալել են ձեռքին մեծ պայուսակով, որի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ գումար, ապա անձը պետք է հաստատի այդ գումարների օրինական հիմքերի մասին, հակառակ դեպքում ինքնաբերաբար, այդ փաստի ուժով ipso facto կհաստատվի հակառակը ՝ որ գումարների ծագումը անօրինական է, հետևաբար, տվյալ անձը զբաղվում է փողերի լվացմամբ ։ Այսինքն, որոշակի փաստեր նախօրոք հաստատված ուժ ունեն և, որպես կանոն, փաստի կանխավարկածը կիրառվում է լատենտային բնույթի հանցագործությունների առնչությամբ ։ ։
220. Ապացույցի ազատ գնահատման եղանակը կիրառում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշ ՝ քողարկված բնույթի իրավախախտումների առնչությամբ, օրինակ, խտրականության որոշ տեսակների կամ փակ հաստատություններում անձի նկատմամբ ոտնձգությունների գործերով և մի շարք այլ նմանատիպ խախտումներ արձանագրելու համար ։ Նման դեպքերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառում է ապացույցի հետևյալ չափանիշը. « ապացույցը գնահատելիս … Դատարանը, ընդհանուր առմամբ կիրառել է « ողջամիտ կասկածից վերը » ապացույցի չափանիշը ։ Այդուհանդերձ, ապացույցը կարող է նաև բխել բավականաչափ հիմնավոր, պարզորոշ ու համահուն մտահանգումներից կամ նման անհերքելի փաստերի կանխավարկածից »( Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի, № 40094 / 05, 02.10.2012թ, § 202)։
221. Ըստ վերը նշվածի, առաջին, եթե առկա են հիմնավոր, պարզորոշ ու համահունչ փաստերի, տեղեկությունների, փաստական տվյալների առատություն, և, երկրորդ,
58