ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 57

9. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԽԱԽՏՈԻՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿԸ
1. Ապացույց և ապացույցի չափանիշ
212. Առանձին ուսումնասիրության առարկա է, թե ինչպես է Հանձնաժողովը որոշում խախտման առկայությունը, ապացույցի գնահատման ինչ եղանակներ, ապացույցի ինչ չափանիշ է կիրառում ։ Որպես օրինակ ներկայացնենք 2013թ. « Չորս Ընկեր », « ՍՕՀՕ », « Պրոֆ-Իմպրոտեքս », « Նանիս » ընկերությունների գործով կայացված Հանձնաժողովի որոշումը ։
213. Այդ որոշմամբ Հանձնաժողովը որոշել է պատասխանատվության ենթարկել Թուրքիա-Հայաստան ուղղությամբ բեռնափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնող չորս ընկերությունների, որոնց բաժինները միասին, մասնավորապես տղամարդու տաբատ, կանացի տաբատ, մանկական հագուստ և կանացի բլուզ ապրանքների 2010 թվականի չորրորդ եռամսյակի և 2011 թվականի առաջին եռամսյակի ընդհանուր ներկրման ծավալում կազմել են 97.73 %: Հանձնաժողովը ապացուցված է համարել, որ ընկերությունները կայացրել են հակամրցակցային հորիզոնական գաղտնի համաձայնություն նշված ապրանքների գները արհեստականորեն մոտ երկու անգամ բարձրացնելու վերաբերյալ ։
214. Անկասկած է, որ Հանձնաժողովը չուներ չորս ընկերությունների կողմից գները բարձրացնելու մասին հորիզոնական պայմանավորվածություն ձեռք բերելու փաստը հաստատող ապացույց ։ Այդպիսի ապացույց կհանդիսանային, օրինակ, չորս ընկերությունների ներկայացուցիչների միջև նամակագրության կամ հաղորդակցության այլ միջոցների գաղտնալսման արդյունքում ստացված տվյալները, որոնցից հստակորեն կերևար նման պայմանավորվածություն ձեռք բերած լինելու մասին կամ ականատես վկայի ցուցմունքները, ով ներկա է եղել նման համաձայնության կայացման գործողությանը կամ որևէ պայմանավորվածության վերաբերյալ գրավոր արձանագրությունները, և այլն, որոնք ուղղակիորեն կմատնանշեին նման համաձայնության կայացված լինելու փաստը ։ Սակայն Հանձնաժողովը նման ապացույցներ չունի և, որպես կանոն, նման ապացույցների երբեք չի դիմում ։ Դրա փոխարեն Հանձնաժողովը կատարում է շուկայի ուսումնասիրություն և արդյունքներից ստացված փաստական տվյալների ամբողջությունից կատարում է մտահանգում նման համաձայնության ամենայն հավանականությամբ կայացված լինելու մասին ։ Այսինքն, Հանձնաժողովի ճանաչողական գործունեությունը հիմնված է ոչ թե իրողության հաստատմանը, այլ իրողության հավանականության հաստատմանը. առավել հավանական է, որ համաձայնություն կայացվել է, քան ոչ ։
56