Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 99
համարձակվել պատերազմի, քանի որ եթե երկուսը զոհվեն,
ապա մնացած երկուսը կշարունակեն իրենց տոհմը։ Մեկ կամ
երկու տղա ունեցող նախարարները ցանկացած որոշում
ընդունելիս կտատանվեն։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ
նման վիճակ»— պնդում էր նա ու նախարարներին և
իշխաններին հորդորում առնվազն չորս տղա ունենալ ու նույնն
էլ հարկադրել իրենց հպատակներին։
Սանասարականները դա անել պարտավորված էին երդումով։
— Դու էլ, արքա՛, գործ ունես անելու,— ասաց մի օր
կատակախառն հանդիմանանքով,— երկու տղան բավարար չէ։
— Նոր է քսաներկուսս բոլորել,— արդարացավ արքան
ժպտալով,— դեռ կհասցնեմ խորհրդիդ հետևել։
Հայր Մարդպետն անվերջ բողոքում էր հազարավոր
աղջիկներին կուսանոցներում փակելու դեմ, ասելով, թե լավ
կլիներ նրանք իրենց կյանքը մենախցերում անիմաստ մաշելու
փոխարեն զավակներ ծնեին հայրենիքի համար։ Ի վերջո նա
հասավ իր նպատակին. արքայական հրովարտակով փակվեցին
կուսանոցները։ Ազատ կյանքի վերադարձած աղջիկներին նա
ամուսնացրեց և խրախուսեց շատ երեխաներ ունենալ։
Մի օր Բաթ իշխանը Հայր Մարդպետին լուր բերեց, թե
վանականները խոժոռված են իր պահվածքից ու նաև
դպրանոցի գոյությունից։
— Լավ է նրանք խոժոռվեն, քան Հայրենիքը մնա այսպես
խոժոռված,— եղավ պատասխանը։
Գլուխ տասնմեկերորդ
Երկրի գործերն արքային մի քանի ամսով հարավ տարան։
Վերադարձին տեղեկացավ, որ Հայր Մարդպետը հայկազունյան
դպրանոցն արդեն Արտաշատ է փոխադրել։ Ու տունդարձի
ճանապարհին որոշեց այցի գնալ նախարարին։ Երբ տեղ
հասավ, երեկո էր արդեն։