Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 100

Հեծյալ թիկնախմբի ուղեկցությամբ ներս անցնելով դպրանոցի դարպասներից՝ արքան ընդարձակ հրապարակում մի մեծ զորաշարք տեսավ։ Չէր հասցրել հիացմունք ապրել նրանց տեսքից, երբ ութ հազար հոգի կանչեցին միաբերան. — Փա՜ռք արքային, փա՜ռք Աշխարհին Հայոց։ Արքան ետ պարզված ափի շարժումով առավ նրանց ողջույնը և ձիավարեց դեպի հրապարակի կենտրոնը։ Հարյուրավոր ջահեր էին վառվում հայկազունների գլխավերևում. սանասարականների սպիտակ փետրափնջերով միահասակ սաղավարտները, դրվագազարդ լանջազրահներն ու զենքերը փայլփլում էին խավարի մեջ դեղնավուն ցոլքերով. վահաններով կիսածածկված, մինչև ծնկներն իջնող կաշվե արնագույն զգեստներն ամեհիություն էին հաղորդում նրանց շարքերին. մերկացրած սուրը կրծքին սեղմած զինավառ հարյուրապետներ էին խրոխտ կանգնած ջոկատների առջև։ Նրանց կողքին մարտիկներն էին՝ նույնպես առնված արնագույն զգեստների մեջ, կանգնած այնպես ձիգ ու հպարտ, ասես հարյուր մարտի մասնակցած հնազինվոր լինեին։ Իսկ զորաշարքը եզերում էին ռազմիկի փոքրաչափ զգեստների մեջ առնված «Մանուկ» խմբի անդամները՝ յուրաքանչյուրի ձեռքին մի-մի վահանակ։ Արքան անկարող էր հայացքը կտրել այդ տեսարանից։ Հայր Մարդպետը, նժույգը վարելով, ընդհուպ մոտեցավ առաջին շարքերին։ Արքան հետևեց նրան։ — Ո՞վ է այն հայը, որ հիմա կանգնած է քո կողքին,— զինվորական հատու ձայնով հարցրեց Հայր Մարդպետը հայկազուններին։ — Նա ե՛ս եմ,— միաբերան կանչեցին շարքերը, ու զորանոցը թնդաց նրանց ձայնից։ — Ո՞վ է այն հայը, ում դու դեռ չես ճանաչում։ — Նա ե՛ս եմ,— եղավ պատասխանը։