Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 95

ներել, հարգել հորը և մորը, լինել լավ օրինակ զավակների համար, կյանքում կարևորել ազնվությունն ու հավատարմությունը։ «Մենք պիտի ստեղծենք մի նոր, մնացյալ աշխարհից տարբերվող մի քաղաքակրթություն, որպիսին հայտնի չէ պատմությանը։ Մենք պիտի ունենանք արքային, ազգին, հայրենիքին անմնացորդ նվիրված, անգամ զոհաբերվելու պատրաստ մի հանրություն»,— ասում էր նա առարկություն չհանդուրժող տոնով, և արքան դժվարությամբ էր մեղմում նրա ծայրահեղությունը՝ ամեն անգամ հիշեցնելով, թե որն է հայ ազգի առաքելությունն Արարչի առաջ։ Բայց օրեցօր ավելի ու ավելի դժվար էր դառնում Հայր Մարդպետին շրջանակի մեջ պահելը. անտեսանելի մի տարերք կլանում էր նրան։ Հետզհետե նա դառնում էր անճանաչելի։ «Ես ընտանիքի մարդ չեմ, ինձ համար խորթ է տոհմային զգացողությունը, ես բացառապես իմ ժողովրդին եմ պատկանում,— ասում էր նա։— Եթե ես կարողանայի ընկալել Արարիչի պատգամը, ապա այն ըստ ամենայնի կլիներ հետևյալը. «Պահպանի՛ր ազգը քո»։ Ես երազում եմ այն ժամանակների մասին, երբ մարդը կգիտակցի, որ ապրում և մեռնում է հանուն ազգի պահպանության։ Ու մեր պարտքն է խրախուսել այդ գաղափարը, թույլ տալ ազգի պահպանության գործում աչքի ընկած մարդուն արժանանալ բարձր պատիվների»։ «Հայկազունյաց դպրանոցում մենք կաճեցնենք նոր երիտասարդություն, որը կլինի խիզախ և ուժեղ։ Իսկ դրա համար հարկավոր է կրակ վառել նրանց սրտում և նրանց բանականության մեջ մտցնել պատկերացում ազգի մասին։ Մեր երիտասարդությունը պիտի պատրաստ լինի հաղթել կամ մեռնել։ Եվ հայկազունյաց դպրանոցի նպատակը պիտի լինի ձևավորել այնպիսի մարդու, ով կգիտակցի երկրի փառքը և անկասելիորեն նվիրված կլինի ազգային նպատակներին։ Հայկազունները պիտի վարժվեն ինքնատիրապետման։ Խիստ