Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | 页面 94

Շատ չանցած Հայր Մարդպետն ինքն այնպես հմայվեց հայկազունյան դպրանոցով, որ սկսեց թերանալ արքունի գործերի մեջ։ Պապը ներողամտաբար էր վերաբերվում նրա այդ թերացումներին։ Մի օր Հայր Մարդպետը տրտնջաց, թե ծայրեծայր կարդացել է նոր կրոնի բոլոր գրքերը և ոգի բարձրացնող, հերոսանալու ձգտում առաջացնող շատ քիչ բան է գտել այնտեղ հայկազունների համար. ամենը հնազանդեցնող է։ Նրան լուր բերին, թե լեռներում արևապաշտական գաղտնի մի համայնք է շարունակում գոյատևել։ Նա ազատի հագուստների մեջ ծպտված գնաց այնտեղ և շաբաթներ անցկացնելով նրանց մեջ՝ յուրացրեց մոռացության տրված ռազմական ծեսակարգերը։ Հայր Մարդպետը վերադարձավ արմատապես վերափոխված։ Արևապաշտներից նա իմացել էր, թե հատուկ մի ծիսակարգով Մասիս սարի տարածքից կարելի է առնչվել Տիեզերքի տիրակալի հետ։ «Ու եթե մեզ հաջողվի վերականգնել այդ առնչությունը, ապա հազարավոր տարիներով կփոխենք կյանքը Երկրի վրա և իմաստ կհաղորդենք մարդկային ճակատագրին»,— վստահեցնում էր նա։ Նա գտնում էր, թե կարևորություն է հարկավոր տալ Արյանը, Հողին, Արքային։ «Հայկազունը չի մեռնում,— ասում էր նա,— հայկազունն անմահ է», և նրա հրահանգով դաստիարակ-սեպուհներն ամեն երեկո հայկազունների շարքերի առջև կարդում էին հայրենիքին կյանքը նվիրած զինվորականների անունները, իսկ շարքերը խրորտ կանչում էին՝ «Ներկա»։ Նա հատուկ պատվիրաններ էր մշակել, և տասնհինգ տարին լրացած հայկազուններն ամառային արևադարձի գիշերը բոցկլտացող հազարավոր ջահերի ներքո երդվում էին հարգել թագավորին և Աստծուն, պահել արյունը մաքուր, իսկ պատիվը՝ անեղծ, պատրաստ լինել զոհել անձը հանուն այլոց, վստահել Արարչին ողջ սրտով և լինել խոնարհ նրա առաջ, պահպանել ազգի ժառանգությունը և ջանալ բազմապատկել այն, օգնել և