Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 93

Պապը Հայր Մարդպետին հանձնարարեց ժողովել բոլոր որբերին Դվինում։ — Կերակրել է պետք նրանց, խնամել և ապա ռազմի գործին ծանոթացնել,— ասաց։— Ինձ զինվորներ են պետք։ Եվ ավելացրեց. — Նրանց ծախսերը կհոգա արքունիքը։ Դվինի զորանոցի մի հատվածը տրամադրիր նրանց։ Քաղաքին մերձակա արքունի հողերից հատկացրո՛ւ նրանց այնքան, որքան կկարողանան մշակել նրանցից ավագները։ Ես նրանց Միհրի զինվորներ եմ դարձնելու և այդժամ ետ կբերեմ մեր նախնիների հին փառքը։ Պալատ դառնալուն պես Հայր Մարդպետը բոլոր նախարարներին արքայի անունից հրաման ուղարկեց իրենց երկրների որբ երեխաներին Դվին ճանապարհել։ Նաև դժվար ապրող ընտանիքների զավակներին՝ ծնողների համաձայնությամբ։ Մեկ ամսից հինգ հազար երեխա հավաքվեց։ Տեղավորելով նրանց զորանոցում՝ արքան վերածեց այն հայկազունյան դպրանոցի։ — Ես նրանցից անմահների գնդեր եմ ձուլելու,— ոգևորված ասում էր մտերիմներին,— հինգ հազար միհրական որ ունենա՛մ...։ Եվ տարված այդ նպատակով՝ նա Հայր Մարդպետի հետ ժամեր ու օրեր էր անցկացնում հայկազունների մոտ, բծախնդրորեն ընտրված դաստիարակ- սեպուհների հետ մշակում նրանց միհրական դարձնելու կարգը։ Նաև երկուսով այցի էին գնում Շահաբին՝ նրանից իմանալու անմահների օգտագործած խորհրդանիշները, քանզի գիտեին, որ դրանք կարող են մոգական իրենց զորությամբ վերափոխել մարդկանց, նրանց մոտ առաջացնել անկոտրում հավատ իրենց նպատակների հանդեպ։ Հարյուրավոր դրոշներ գործել տվեցին Շահաբի նշած խորհրդանիշների պատկերով, որոնց մեջ գլխավորն Արևն էր, քանզի այն նախնյաց կողմից ընկալվել էր որպես կյանքի աղբյուր և նորացման ու բարձրագույն ուժերի խորհրդանիշ. Արևը ոչնչացնում է փտածությունը, ոչինչ հզոր չէ Արևից։