ապստամբած իշխաններին ։ Իսկ Գուգարաց աշխարհի բդեշխին, որը ծառայում էր հայոց թագավորին, բայց հետո ապստամբել էր ու դավաճանել, գլխատեց, կոտորեց նրա տոհմի բոլոր տղամարդկանց, կանանց ու աղջիկներին էլ գերի վերցրեց ։ Նա նվաճեց, հնազանդեցրեց Գուգարքը, ապա Հայաստանի և Վրաստանի միջև վերականգնեց նախկին սահմանը, որ բաժանվում էր Կուր գետով ։
Դրանից հետո Մուշեղ զորավարը արքայի հրովարտակը կատարելու նպատակով իջավ Հայոց Աշխարհի հարավարևմտյան գավառները, մտավ Աղձնիք, մեծ կռվով հնազանդեցրեց բոլորին, ձերբակալեց և գլխատեց Աղձնյաց բդեշխին, կանանց սպանեց, իսկ որդիներին գերի վերցրեց ։ Այնտեղից արշավեց Մեծ Ծոփք, Անգեղտուն, Անձիտ գավառները, ապստամբներին պատժեց, իսկ գավառները դարձրեց հարկատու և հպատակ հայոց Պապ թագավորին ։
Այս ամենից հետո արքան եղած բանակից կազմավորեց քառասունհազարանոց զորք ՝ բաղկացած ընտիր և հավատարիմ ազնվականներից, նվիրված մարդկանցից, բոլորին ապահովեց ձիերով, զենքով, պարենով և Մուշեղ սպարապետին հանձնելով ՝ նստեցրեց նրանց Ատրպատականի սահմանամերձ գոտում ՝ թշնամու ներխուժումից պահպանելու Հայոց աշխարհը ։
Իսկ այդ ընթացքում արքայի բարեհաճությամբ հայրենիք վերադարձած Մերուժան Արծրունին ու Վահան Մամիկոնյանը իրենց զորաջոկատներով հաջողությամբ պահպանում էին երկրի սահմանները Խաղտյաց լեռներում ։
Գլուխ տասերորդ
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ գավառներից մեկում արքան ձորձերի մեջ կորած, միմյանց հետ խաղացող հողաշաղախ մանուկների հանդիպեց ։ Երբ հետաքրքրվեց, թե ովքեր են, ասացին, որ հյուսիսային երկրներից բերված հայ որբեր են ։