Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 90

ներքև, փաթաթվում ոտքերին։ Դղակը լայն ու երկար պատմուճան հագնելուց հետո մեջքին գոտի կապեց, գոտուց կախեց թուրը, մյուս կողմից՝ սուրը։ Սակայն պատմուճանն այնքան երկար էր, որ ոտքերին չփաթաթվելու համար գոտուց վերև ծալեց, և պատմուճանի ծալքը ներքև իջնելով, ծածկեց թուրն ու սուրը։ Երկար վարտիքը հագնելուց հետո կարճ դաշույնը կապեց ազդրի մոտ, բայց երկար վարտիքի ծալած դարսը դարձյալ ծածկեց դաշույնը, հասնելով մինչև սրունքները։ Երեկոյան ժամը իննին Դղակի ն կանչեցին, ասացին. — Քեզ ներսում՝ արքայի մոտ, ընթրիքի են հրավիրում։ Ուղեկցող արքունի սպասավորները Դղակին մտցրին թագավորի տան երկար նրբանցքը, որի բոլոր երդիկները փակ էին, իսկ պատերի տակ կանգնած էին իրենց ասպարների տակ պատսպարված սակրավոր զինվորները։ Երբ Դղակն անցնում էր մութ ու երկար նրբանցքով, սակրավորները սկսեցին քաշքշել նրան։ Դղակը քանիցս ձեռքը տարավ դեպի իր զենքերը, բայց ոչ մի զենք չկարողացավ հանել, որովհետև դրանք խճճվել էին մեծ ու երկար զգեստների ծալքերի մեջ։ Սակրավորները շրջապատեցին նրան, բռնեցին, վերև բարձրացրին և այդպես տարան, հասցրին թագավորի սեղանատան դուռը։ Թագավորը տեսնելով, որ Դղակին բերում են սեղանատուն, ասաց զինվորներին. — Ո՛չ այստեղ, ո՛չ այստեղ, հանդերձատունը տարե՛ք դրան։ Զինվորները Դղակի ձեռները հետևը կապեցին, նրբանցքով տարան, հասցրին արքունի հանդերձատունը, ուր սովորաբար թագավորն էր հանդերձավորվում և գլխին թագ դնում։ Զգալով վտանգը՝ Դղակը դիմեց զինվորներին. — Թագավորին ասացե՛ք այսպես, ես արժանի էի այս մահվան, բայց քեզ վայել էր ինձ սպանել հրապարակով և ոչ թե թագադրության այս սենյակում, և քո թագը արյունով շաղախել։