Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 89

գավաթը լցնում էր գինով, դնում իր առաջ և իր զորքին կամ հյուրերին հյուրասիրելիս բարձրացնում էր գավաթը և ասում. — Ճերմակաձին թող գինի խմի։ Այս դեպքերից շատ չանցած՝ Շապուհը գաղտնի պատգամավոր ուղարկեց Գանձակում նստած Դղակին, մեծ գանձեր խոստացավ Պապ թագավորին և Մուշեղ սպարապետին իր ձեռքը հանձնելու դիմաց։ Դղակը համաձայնություն տվեց։ Բայց դրա մասին իմացան Դղակի զորքում եղած հայ նախարարները, որոնք և գաղտնի տեղյակ պահեցին Պապ թագավորին։ Պապը դեսպաններ ուղարկեց Դղակի մոտ՝ ասելով. «Քո ձեռքի տակ եղած զորքերը հավաքի՛ր և հանձնի՛ր Անձևացի Գնել իշխանին, իսկ ինքդ շտապ ե՛կ ինձ մոտ. մտադիր եմ բանակցություններ սկսել Շապուհ թագավորի հետ՝ նրա հպատակության տակ անցնելու համար, և քեզ կամենում եմ նրա մոտ դեսպան ուղարկել»։ Դղակը, այս լուրն առնելով, շատ ուրախացավ՝ մտածելով, որ եկել է հարմար առիթը Շապուհ թագավորին տված իր գաղտնի խոստումն իրագործելու համար։ «Հիմա իմ գործը շատ հեշտացավ,— մտածում էր նա,— ճանապարհը գտել եմ արդեն. Պապ թագավորին պարապ խոսքերով կքնեցնեմ, որ անհոգ ու միամիտ մնա, և անսպասելի նրա գլխի վերևը կկանգնեցնեմ պարսից Շապուհ թագավորին»։ Ոգևորված այն մտքից, որ ինքը պատգամախոս է նշանակված երկու թագավորների միջև և կարող է իր դավադրությունն ազատ իրականացնել, Դղակը շտապ ձիավոր դեսպան ուղարկեց Պապի մոտ՝ հայտնելով իր գալուստը։ Պապ թագավորն այդ ժամանակ Այրարատյան գավառի Արդյանք գյուղի իր արքունական կալվածքում էր։ Դղակը ներկայացավ թագավորին և մեծ պատվով ընդունվեց։ Ընթրիքից առաջ թագավորը հրամայեց Դղակին հագցնել փառահեղ զգեստ։ Բերին շատ շքեղ հանդերձներ, հագցրին, բայց զգեստներն այնքան մեծ էին, որ վերևից ծալ-ծալ իջնում էին