« Զարմացել եմ ես իմ տեսածի վրա,— ասում էր նա,— մանկությունից ի վեր միշտ կռվի ու պատերազմի մեջ եմ եղել, շատ տարի է, որ թագավոր եմ դարձել, և տարի չի եղել, որ առանց կռվի անցկացրած լինեմ, բայց այսպիսի թեժ ու եռանդուն, ջերմ ու նվիրված կռիվ ես առաջին անգամ տեսա ։
Երբ հայոց նիզակավորները առաջ էին գալիս, այնպես էին հարձակվում, կարծես մի բարձր լեռ կամ հաստ ու հզոր, անսասան աշտարակ էր մեզ վրա գալիս ։ Մեկ ուրիշ բանի վրա էլ եմ մնացել զարմացած, դա հայոց զորքի միասիրտ համերաշխությունն է, հավատարմությունն ու տիրասիրությունը իր թագավորի նկատմամբ ։
Արդեն քանի տարի է, ինչ նրանց տերը ՝ Արշակ թագավորը, չկա, բայց հայ զինվորները կռվելիս նրանով էին քաջալերվում ։ Երբ նրանք իրենց ախոյաններին ձիերից ցած էին գլորում, բոլորը միաբերան բացականչում էին. « Արշա ՛ կ, ա ՛ ռ », իսկ եթե սպանում էին, նրան էին նվիրում, կարծես թե թագավորն իրենց մեջ լիներ, իրենց գլխին կանգնած, իրենց մեջ կռվելիս ։
Իսկ Մուշեղի մոլեգնած գնդից, թվում էր, բոց ու կրակ է թափվում, դրոշակներն այնպես էին փողփողում արագ սուրացող գնդի գլխավերևում, կարծես հրդեհի բոց էր անցնում եղեգների միջով ։
Շատ, շատ եմ զարմացել հայոց զորքի իրենց կորած թագավորի նկատմամբ ունեցած ջերմ ու նվիրական սիրուց, իրենց բնիկ տիրոջ հանդեպ ունեցած այդ չտեսնված տիրասիրությունից »։
Իսկ երբ իր կանայք ողջ ու առողջ, անարատ վերադարձան, Շապուհը մնաց ապշած ու զարմացած Մուշեղի մեծահոգության ու ազնվության վրա ։ Մուշեղն այդ ժամանակ մի սպիտակ նժույգ ուներ, որ իր գեղեցկությամբ շարժում էր անգամ պարսիկների հիացմունքը ։ Շապուհ թագավորը, իր կանանց նկատմամբ Մուշեղի մեծահոգի վարմունքից հիացած, Մուշեղի պատկերը ՝ սպիտակ ձիու վրա նստած, քանդակեց իր գինու գավաթի վրա ։ Ամեն անգամ խնջույքների ժամանակ այդ