Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 87

ինչ վանում էին հայոց նիզակավորներին, սրանք արագ ետ էին նահանջում, իսկ թիկունքում կանգնած ասպարակիրներն ու վահանավորները բաց էին անում իրենց վահանները, նահանջողներին ներս ընդունում, փակում, պատսպարում։ Մի փոքր հանգստանալուց ու շունչ քաշելուց հետո նիզակավորները նորից դուրս էին գալիս, ինչպես ամուր բերդից, հարձակվում պարսիկների վրա, անթիվ ու անհաշիվ մարդիկ էին իրենց ոտների տակ գլորում, սպանում կամ գլխատում և կրկնում նույն քաջալերիչ խոսքերը Արշակ թագավորի հասցեին։ Պարսից բանակը գլխովին ջախջախվեց, իսկ Շապուհն ինքը սակավաթիվ մարդկանցով փախավ պատերազմի դաշտից։ Գերի ընկան պարսից ավագներից շատերը, ինչպես նաև Շապուհի կանանոցը։ Սպարապետ Մուշեղը հրամայեց ձերբակալված պարսից ավագներից վեց հարյուր հոգու մորթազերծ անել, մորթիները տիկ հանել, մեջը խոտ լցնել, որպես վրեժ իր հորն այդ կերպ սպանելու համար։ Իսկ Շապուհի գերված կանանց թույլ չտվեց որևէ անարգանք հասցնել։ Հրամայեց բոլոր կանանց համար առանձին ժանվար- պատգարակներ պատրաստել, նրանց հարգանքով ու պատվով մեջը նստեցրեց և ազատ արձակելով՝ ուղարկեց Շապուհ թագավորին։ Եվ որպեսզի կանանց ոչ ոք չկարողանա անարգել, նա գերված պարսիկներից մարդիկ առանձնացրեց, կանանց հետ դրեց իբրև ուղեկիցներ, որպեսզի բոլորը ողջ ու անարատ գնան հասնեն իրենց տիրոջը։ Այս ամենից հետո արքան Դղակ իշխանին երեսուն հազար զորքով սահմանապահ թողեց Գանձակում, իսկ ինքը հաղթական մեծ շուքով ու ավարով վերադարձավ մայրաքաղաք։ Իսկ Շապուհ թագավորը հասնելով իր երկիրը, յուրայիններին զարմանքով ու հիացմունքով պատմում էր հայոց գնդերի քաջության մասին։