Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 84
— Այո՛, բայց ի՞նչ կերպ,— հարցրեց արքան՝ ձայնի մեջ
խտացած վրեժ,— երբ անհայտ է հեղինակը և չկա մեկը, ումից
պատիվ պահանջենք։
— Ես կգտնե՛մ այդ ճիվաղին,— Հայր Մարդպետը հատու
շարժումներով ելավ տեղից,— չեմ զլանա և բոլոր
դպրանոցներում մարդիկ կգտնեմ ու կպարզեմ, թե որտեղ են
այս հիմարությունը գրել։ Դա ես կանե՛մ, թեկուզ կյանքս
արժենա։ Չի՛ կարելի թույլ տալ՝ պարսավեն մարդուն և
պատմության կեղծումը շարունակեն։ Բա՛վ է արդեն։
Բաթ իշխանն ասաց, թե ամեն կերպ կսատարի նրան այդ
գործում։ Գնել իշխանը զզվանքով թքեց գետին ընկած
մագաղաթի ճմրթված կտորի վրա։
* * *
— Մի՞թե Շահաբի բոլոր ասածները ճիշտ են,— իր
մտահոգությունները բարձրաձայնեց Երեմիան, երբ արդեն
բավականաչափ հեռացել էին քարայրից ու փոքր ինչ
հանդարտվել։— Նա ծեր է արդեն և գուցե թե խառնում է
դեպքեր ու փաստեր տարիքի բերումով։
— Գուցե թե,— արձագանքեց Գնել իշխանը,— բայց և ակնհայտ
է, որ խելքը տեղում է։
— Արժե՞ արդյոք հավատալ նրա բոլոր ասածներին։
Կրկին Երեմիան էր։
Առժամանակ քայլեցին լուռ։ — Բայց ո՞րն էր նրա ասածների
մեջ անճշտությունը,— ուշացած արձագանքեց
Հայր Մարդպետը։
— Դե, ասենք, Տրդատ արքայի հետ կապված նրա պատումը։
— Բայց մի՞թե հնարավոր է հակառակն ապացուցել,—
միջամտեց Բաթ իշխանը,— ամենը խճճված է այնպես։
— Խոսել է պետք կաթողիկոսի ու եպիսկոպոսների հետ,—
առաջարկեց Երեմիան,— որքան հասկանում եմ՝
վանականները շեղում են թույլ տվել։