Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 82

— Ստացվում է՝ Սուրբ գրքի մեջ ոչ ճիշտ պատմություններ կա՞ն։ — Բայց ինչո՞ւ միայն այդտեղ,— ուսերը թոթվեց Շահաբը,— ահա քեզ աղավաղումի մի նոր օրինակ։ Նա մոտ գնաց մագաղաթների կույտին, որոնումների տրվեց մի պահ, ապա թարմ մի գրություն պարզեց նրան։ — Ահավասիկ,— ասաց,— սա դեռ գաղտնի են պահում ամենքից. ինձ մի յուրային է բերել։ Հետաքրքրասիրությունից դրդված՝ Բաթ իշխանը մոտ տարավ ջահը, ու Երեմիան կարդաց բարձրաձայն. — Տասներկու տարեկանում պատանդ տարված և Նեոկեսարիայի մեջ բյուզանդական պալատականների ձեռքում մնացած լինելով, պատանեկան ամեն թերություն ուներ նա։ Պապը սնվեց, մեծացավ և... Երեմիան պապանձվեց միանգամից, մագաղաթը սահեց նրա դողացող ափի միջից։ — Դե՛, համարձա՛կ,— հորդորեց Շահաբը,— դուք պարտավոր եք դա իմանալ։ Բաթ իշխանը գետնից բարձրացրեց մագաղաթը, պահեց ջահի դեմ։ Երեմիան, ամբողջովին սփրթնած, գնաց դեպի քարայրի ելքը։ — Պապը սնվեց,— կարդաց Բաթ իշխանը,— մեծացավ և մեղքեր էր գործում - պոռնկություն, պիղծ արվագիտություն, անասնագիտություն և զազրելի, գարշելի գործեր, բայց մանավանդ արվագիտություն։ Բացի սրանից ինքն էլ իգանում էր ուրիշներին, այսպես թավալված էր զազրելի գործերի մեջ...։ — Որպիսի՜ ստորություն, որպիսի՜ սրբապղծություն... Մի՞թե կարելի է իջնել այսքան ցած։ Ձեր մե՛րը...,— Բաթ իշխանն անկարող էր զսպել հանկարծահաս ցասումը, նա պրկվեց այնպես, ասես երևակայական մի հակառակորդ էր կանգնած իր դեմ։— Որպիսի՜ ստորություն, որպիսի՜ կեղծիք։