Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 72
Այդ միջոցին դրսից աղմուկի, իրարանցումի ձայներ հասան։
Ամենքը փութով դիմեցին դեպի քարայրի եզրը, իսկ Գնել
իշխանը, սուրը մերկացնելով, իջավ աստիճաններով։
Քիչ անց նա վերադարձավ ժպտալով. վայրի մի գազան էր
անցել ժայռի ստորոտով ու անհանգստացրել պահակներին։
— Այն, որ նոր կրոնը ուժով է հաստատվել, մենք այլևս կասկած
չունենք,— ասաց Երեմիան, երբ արդեն նստել էին կրակի
բոլորտիքը,— բայց հնարավոր է, չէ՞, որ նոր մտածողությունը
ժողովրդին հրամցվի կոշտությամբ, սակայն իր մեջ
առաջադիմություն ունենա և մի որոշ ժամանակ անց ամենքը
գտնեն, որ այն օգտակար է։ Եվ կոշտությունն էլ արդարացվի։
— Հնարավո՛ր է,— պատախանեց Շահաբը,— բայց նախ եկ
քննենք, թե ինչո՞ւ հաստատվեց բռնությամբ։ Եթե նրանք Լույս
էին բերում իրենց հետ, ինչպես իրենք ասում, հապա ի՞նչն էր
խանգարում մեզ էլ լուսավորեին. ժողովեին թող մի տեղ
բոլորիս ու ներկայացնեին իրենց խոհերը։ Ի՞նչ է, մենք տհա՞ս
էինք, որ լուսավորը, ազգի համար պիտանին մերժեինք։ Մենք
հո Հայրենիքի ու Աստծո թշնամի՞ն չէինք։ Եթե այդպես լիներ,
ապա մեր օրոք մեր երկրի սահմանները աշխարհի բոլոր
կողմերում չէին լինի ու շատ-շատերը երանի չէին տա մեր
ժողովրդին և մեր արքային էլ խնդրագրով չէին դիմի իրենց ևս
կառավարել արդարորեն։ Եթե Սեր էին բերում իրենց հետ,
ինչպես իրենք են ասում, հապա ինչո՞ւ ավեր ու մահ սփռեցին
ամենուր։ Եթե վստահ էին իրենց խոհերի մեջ, ապա ինչո՞ւ
բանավեճի մեջ չմտան մեզ հետ, այլ վերջին բարբարոսի նման
մորթեցին բոլոր նրանց, ովքեր իրենց հարցեր կուղղեին։
Շահաբը գլուխը տարուբերեց դառնորեն։ Մի քանի ճյուղ
ակամա դրեց կրակին։
— Վանականներին հարցրե՛ք՝ ո՞ւր է Հիսուսի եղբայր Հակոբը
իրենց կրոնի պատմության մեջ. նա, ով եղբոր մահից հետո
երեսուն տարի առաջնորդել է հավատակիցներին։ Հարցրե՛ք՝
ինչո՞ւ են վերացրել նրա ու Հիսուսի ընտանիքի մյուս
անդամների վկայությունները թե՛ Հիսուսի էության, թե՛ նրա