Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 71
իշխանների հետ եկեղեցի մտնել՝ ասելով. «Արժանի չես, ինչո՞ւ
ես եկել. ներս մի՛ գա»։ Արգելք լինե՞լ արքային. դա չտեսնված
բան էր, ու փրփրած Տիրանը կարգադրեց կաթողիկոսին ծեծել
հենց եկեղեցու մեջ, որից էլ նա վախճանվեց։ Իսկ այն, որ
Արշակ թագավորի հրամանով Ներսես կաթողիկոսի տեղապահ
Խադն այնպես ծեծվեց ու քարկոծվեց, որ մի կերպ կենդանի
մնաց, ամենքդ գիտեք։ Ահա այսպիսին են եղել հայոց
արքաների ու եկեղեցու հարաբերությունները։ Իսկ մեր
օրերում, երբ արքան ի՛նքն էր Գերագույն գլխավոր քուրմը,
երկվություն չկար Հայոց Աշխարհում։ Քրմերն օգնական էին
նրան, խորհրդատու, ինքն էլ քուրմ էր ու քրմերից մեկը։ Եվ
հոգևոր կառույցն առանձին չէր՝ ինքն իրեն. իր շահերով, իր
նպատակներով։ Եվ օտարի հետ ոչ մի աղերս չուներ։ Մենք
գիտեինք, թե ուր է հարկավոր առաջնորդել ազգին, գիտեինք,
թե Բարձրյալն ինչ է սպասում մեզանից, և ամենքս ջանում էինք
իրագործել այդ սպասումը։ Եվ մենք աշխարհի հզորներից էինք։
Իսկ հիմա դու, արքա՛, և եկեղեցին նույնական չեք, և այն մյուսը
միջնաբերդ է օտարի համար, ով այսօր մեզ թվացյալ բարեկամ
է, բայց վաղը կարող է մեր թշնամին լինել. դա հաճախ է
պատահում։ Առանձին և ինքնուրույն հոգևոր կառույցը, որ նաև
դրսից է կառավարվում, փորձանք է պետության համար, ու մի
հարմար պահի այն կխժռի նույն այդ պետությունը։ Ես
պատերազմի կոչ չեմ անում, արքա՛, բայց երկու ելք եմ տեսնում
միայն. կա՛մ դու, կա՛մ իրենք. երրորդ ուղի չկա այս դեպքում։
Շահաբի այս խոսքերը խոր մտահոգություն առաջ բերին
հյուրերի մոտ, ինչը հստակ երևում էր նրանց դեմքերից։
Այդ միջոցին դրսից աղմուկի, իրարանցումի ձայներ հասան։
Ամենքը փութով դիմեցին դեպի քարայրի եզրը, իսկ Գնել
իշխանը, սուրը մերկացնելով, իջավ աստիճաններով։
Գլոիխ ութերորդ