Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 70

մեզ քաջությունից զրկելու, եթե մենք սրան լսենք, ընդունենք քրիստոնեական հավատը, ապա թույլ ազգ կդառնանք»։ Եվ թագավորի հրամանով զինվորները բռնում են մի կատաղի ձի, Վրթանեսի որդուն կապում են նրա պոչից և ձին բաց թողնում իրենց բանակից դուրս։ Վրթանեսի որդին տանջամահ լինելով մեռնում է։ — Բայց գրքերում այլ բան է ասված,— տարակուսեց Երեմիան։ — Իրականությունը գրելը չի մտնում նրանց պարտականությունների մեջ,— հակադարձեց Շահաբը և հարց ուղղեց Երեմիային,— ի՞նչ են գրում նրանք. ինչո՞ւ Տիրան թագավորը կարգադրեց հենց եկեղեցու մեջ ծեծելով սպանել Հուսիկ կաթողիկոսին, ով իր փեսան էր։ — Դե՜,— Երեմիան շուրթերը կծոտեց՝ անհարմար զգալով արքայի մոտ վերապատմել նրա պապի մասին գրված պատմությունը։ — Համարձա՛կ,— քաջալերեց Շահաբը։ — Գրված է, թե Տիրան թագավորը սպանություններ է գործել, զուր տեղն անմեղ արյուն թափել և ուրիշ շատ մեղքեր գործել։ Եվ որ կաթողիկոսն էլ նրան խիստ պատուհասել է դրա համար։ Տիրանն էլ կատաղությունից կարգադրել է ծեծել կաթողիկոսին։ Երեմիային քրտինք էր պատել։ — Դա ասում են վանականները, իսկ իրականում ահա, թե ինչ է եղել։ Տիրան արքայի զավակներից մեկը պատանդ էր, ինչը ստիպում էր նրան զգուշավոր լինել Բյուզանդիայի հանդեպ։ Եկեղեցին էլ օգտվում էր դրանից ու աշխարհիկ իշխանությունը հետզհետե վերցնում իր ձեռքը։ Անհանգստացած եկեղեցու հզորացումից, արքան ձգտում էր աշխուժացնել ազգային հավատքը, կամենալով այդ կերպ հակազդել նրանց։ Նա չէր աջակցում ազգային հավատքին, բայց և չէր խանգարում դրա վերադարձին, որի պատճառով էլ եկեղեցականներն իրենց մեջ նրան ուրացող էին կոչում։ Մի օր էլ կաթողիկոսն այնքան հանդգնացավ, որ արգելեց Տիրան արքային մեծամեծ