Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 67

արտաբերելով։— Տրդատ արքան, ասացի, սպանվել է նախքան նոր կրոնն ընդունելը։ — Բայց ի՞նչ է ստացվում այդ դեպքում, ո՞վ է թագավորել Հայաստանում այդ ընթացքում, եթե ոչ՝ Տրդատը,— հարցրեց Երեմիան խոր զարմանքով։ — Նրան էլ են Տրդատ կոչել՝ ոճիրը քողարկելու համար, բայց նրա իրական անունը Սուրեն էր։ — Պարսի՞կ,— հարցրին միաբերան։ — Պարթև,— ուղղեց Շահաբը։— Նա եղել է Անակի մյուս որդին՝ Գրիգորիսի եղբայրը, ում Անակը Խոսրով արքային սպանելու նախորդ գիշերը գաղտնի փախցրել էր Պարսկաստան։ Տրդատ արքայի սպանությունից հետո կայսրը Սուրենին արքայազնի խնամակալ կարգեց, ու քանի որ արքայազնը մանկահասակ էր, ապա Սուրենը գործելու բավականին մեծ ժամանակ ունեցավ։ Նախարարները վրեժ լուծեցին նրանից, բայց ուշ էր արդեն. տաճարներն ավերված էին, քրմերը՝ սպանված, հավատավորները՝ խողխողված կամ ցիրուցան եղած աշխարհով մեկ։ Ու երկիրն էլ նրանցն էր արդեն՝ որպես Բյուզանդիայի մի կցորդ։ — Ահա, թե ինչո՞ւ են հայտնվել հրաշապատումները,— եզրակացրեց Բաթ իշխանը՝ ձեռքերը կողք տարածելով։ Նա ելավ տեղից ու անհանգիստ քայլում էր քարայրում։ — Եթե պատմական որևէ շրջան պարուրված է հրաշքներով, ուրեմն այդտեղ զարհուրելի մի ոճիր է եղել, ու հրաշքներն այն քողարկելու համար են,— մեկնեց Շահաբը։ Ծանր լռություն տիրեց. յուրաքանչյուրը տարված էր իր մտքերով։ Ի վերջո Շահաբն ասաց. — Միայնության մեջ ես երկար եմ խորհել կատարվածի հետևանքների մասին։ Այն, որ կորցրինք մեր ճակատագիրն ինքներս տնօրինելու իրավունքը, ցավալի է, բայց դա չէ մեր ամենածանր կորուստը։ Կատարվեց այն, ինչից զգուշանում էր Արձան քրմապետը. մեր իրական ծագումը մոռացված է, մեզ