Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 65

ապացույց իրենց պատումի ճշմարտացիության և որպես պատիժ ինձ՝ իրենց սրբություններին կասկածելու համար։ Ես պատրա՛ստ եմ դրան։ Շահաբն անհանգիստ շարժումներով դիրքը փոխեց քարե աթոռի վրա. նրա շնչառությունն արագացել էր, ասես վազել էր քիչ առաջ։ Հյուրերը թեպետ լարված սպասումի մեջ էին, նրան հանդարտվելու ժամանակ տվեցին։ Գետակի խշշոցը նրանց թվում էր խորհրդավոր ու մոգական։ — Ի՞նչ է եղել հապա, Շահա՛բ,— անհամբերությունը Երեմիային հանում էր հունից,— եթե նա հանուն իր գոյության զիջումների գնացող արքա չէր, ապա ո՞վ է ուղեկցել Գրիգորիսին, ո՞վ է արքունի զորքի գլուխ անցած՝ շրջել երկրով մեկ... Ամենքն սպասում էին Շահաբի պատասխանին։ Իսկ նա կոտրտած մի քանի ճյուղ ավելացրեց մարող խարույկին, ապա արտաբերեց մեծ գաղտնիք հայտնողի խորհրդավորությամբ. — Գրիգորիսի հետ տաճարներ ավերողը, մեր հավատքի հետևորդներին ոչնչացնողը նա՛ չի եղել։ — Հապա ո՞վ,— հարցրին միաբերան։ — Այդ ժամանակ նա արդեն սպանված էր։ Սառը քրտինք պատեց բոլորին։ Արքան քարացել էր տեղում, Բաթ իշխանը լսածից ցնցված՝ կրակն էր խառնում ակամա շարժումներով։ Հայր Մարդպետին դող էր համակել, ու նա սրի կոթն էր ջղաձիգ սեղմում-թողնում։ Գնել իշխանը համրացած մյուսներին էր նայում։ Երեմիան ճերմակ էր նոր տեղացած ձյան նման։ — Երբ Տրդատ արքան արձակեց հրովարտակը, ապա չգիտեր, որ իր թիկնագնդի հռոմեացի զինվորները ծպտյալ քրիստոնյաներ են, որ Վաղարշապատում և Դվինում արհեստավորների, վաճառականների և գնորդների անվան