Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | страница 61

— Դե, ինչպե՞ս ասեմ,— այսպես սկսեց նա իր խոսքը, սակայն Գնել իշխանը կանխեց նրան. — Բայց, սպասե՛ք, ես լսել եմ, որ Տրդատ արքան մինչ այդ հրովարտակ է արձակել ու պահանջել հալածել քրիստոնյաներին։ Այսինքն՝ նա դե՛մ է եղել նոր կրոնին։ Գնել իշխանը սևեռուն նայեց Շահաբի դեմքին՝ նրանից պաշտպանություն ակնկալելով։ — Այդպես է,— հաստատեց Շահաբը,— և ինքս ներկա եմ եղել, երբ գրվում էր հրովարտակը։ Հյուրերի դեմքին անափ հետաքրքրասիրություն երևակվեց։ Իսկ Շահաբը շարունակեց. — Պատահեց այնպես, որ կայսրը Տրդատ արքային հրավիրեց Տարսոն։ Երբ վերադարձավ, առաջինը, ում հանդիպեց, Արձան քրմապետն էր։ Այդ օրը ես սրբազան կրակի պահապանն էի։ Նա եկավ սպարապետի, մի քանի նախարարների, իր համհարզ-սեպուհի ու գրագրի հետ։ Մի որոշ ժամանակ ընդհանուր հարցերից զրուցելուց հետո արքան կամեցավ առանձնանալ քրմապետի հետ։ Անգամ իր գրագիր Եղիշեն չմնաց տաճարի սրահում, որպիսի բան պատահած չէր։ Ես խորքում էի, սրբարանի մոտ, նրանցից քսան քայլ հեռու, և ամենը չէ, որ կարող էի լսել, հատկապես, որ խոսում էին ցածրաձայն, բայց և իմացածս բավարար էր արքայի մասին իրական պատկերացում կազմելու համար։ Շահաբը դադար տվեց մի պահ՝ շունչ առնելու համար, և անձավում հաստատված լիակատար ու սպասողական լռության մեջ սողոսկեց ցածում հոսող գետակի խոխոջյունը։ — Տրդատը խիստ մտահոգ էր. կայսրը նրան առաջարկել էր տեղ տալ նոր կրոնին։ Արքան գտնում էր, որ այդ առաջարկը հեռագնա մի նպատակ ունի՝ բացառել մեր և պարսիկների հնարավոր միադաշնությունը։ Տարսոնում արքան շատ մարդկանց էր հանդիպել և պարզել էր, որ Իրանում պարթևներից իշխանությունը խլելը ներքին