Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 59
պարզվեց, Հայաստանում Տրդատի, նրա երկրի ու հավատքի
դեմ ձևավորվել էր օտարականների ապստամբական մի մեծ
բանակ, հարյուր հիսուն հազարի հասնող։ Եվ մի օր նրանք
հաջողեցրին գերել ամբողջ արքունիքն ու թագավորի հետ որսի
դուրս եկած շատ ու շատ նախարարների և իշխանների։ Ու մեզ
հարկադրեցին ընդունել նոր կրոնը։ Սա՛ է ամենը։
Թանձր լռություն տիրեց քարայրում։ Հյուրերը միմյանց երեսի
էի նայում, իսկ Երեմիան վարշամակով սրբում էր ճակատի
քրտինքը։
— Ավագներից լսել եմ, թե քանի որ Տրդատը Տարսոնում է
հասակ առել, դրա համար էլ մեր հավատքը պակաս կարևոր էր
նրա համար,— ասաց Բաթ իշխանը՝ երկաթե ձողով խառնելով
կրակը։— Նաև լսել եմ, որ մեր թագաժառանգներին այդ
ժամանակներում քրմերը հատուկ ուսում էին տալիս, որը
Տրդատն օտարության մեջ գտնվելով, չի ստացել։ Գուցե նաև
սա՞ է պատճառը, պատվարժան Շահաբ, որ նա, ինչպես ինքդ
ես ասում, տեղի է տվել։
Շահաբը զննող հայացքով նայեց արքայական հեծելազորի
պետին, ապա արձագանքեց.
— Հայոց Աշխարհում հասակ առած թագաժառանգը, անշուշտ,
այլ կերպ էր դաստիարակվում, որը նա ստանալ չէր կարող
Արևի տակ ուրիշ որևէ վայրում։ Նա մանուկ հասակից
մեկուսացվում էր ու հանձնվում քուրմ դաստիարակի
խնամակալությանը, ով բագրատունիներից էր։ Քուրմը նրան
նվիրագործական ծիսակարգով էր անցկացնում, որը հույժ
գաղտնի էր, քանզի դրա մեջ զորություն կար, և օտար մեկը
չպիտի յուրացներ այն, որպեսզի չօգտագործեր ի չարս և կամ
հնար գտներ խափանելու երկնային ուժերի աջակցությունը։ Ես
գիտեմ ընդամենը, որ նվիրագործական ծիսակարգի
նախավերջին փուլը կոչվում էր Հայ, քանի որ այդ փուլից հետո
մարդ դառնում էր իր ազգին անմնացորդ նվիրված մի էակ։ Դրա
համար էլ մեր արքաներին թե՛ մենք, թե՛ օտարները կոչում էին
Հայ՝ Տիգրան Հայ, Արտաշես Հայ։ Իր ազգի անունով կոչվող