Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 57
պատումները, իսկ ահա նա էլ պնդում է, թե գրքերում գրվածը
եղելությունն է, որ կա։ Մենք գրազ ենք եկել մեկ ընտիր
երիվարի վրա, բայց ահա, արդա՛ր դատավոր, ով նաև տեղյակ է
եղելությանը, չունենք։
Շահաբը ծիծաղեց քթի տակ, ապա հարմար տեղավորվեց քարե
աթոռին, խորհեց մի պահ՝ մտքերը ժողովելու համար։ Նրա այս
մտածկոտ արձագանքը կասկածի սերմեր գցեց Երեմիայի
հոգում։ Բաթ իշխանն ու արքան մեկ Երեմիային էին նայում,
մեկ՝ Հայր Մարդպետին, փորձելով կանխազգալ, թե ով է
զրկվելու երիվարից։
— Դա մի բարդ ու դառը պատմություն է,— ասաց Շահաբը,—
որը համառորեն ուզում են մոռացության տալ։ Այն, ինչ հիմա
վանականները պատմում են ժողովրդին այդ ժամանակների
վերաբերյալ, հորինվածք է։ Եվ Երեմիան մեղավոր չէ այստեղ.
արդեն քանի տարի այդ պատումները պարտադրվում են
մարդկանց, և սաստում են բոլոր նրանց, ովքեր կամենում են
հարց ուղղել դրանց իսկության վերաբերյալ։
Շահաբը խոր հոգոց հանեց։
— Այն, ինչ կասեմ ձեզ, անհավատալի կթվա, քանի որ ձեր
դայակներն ու ուսուցիչները ձեզ բոլորովին ուրիշ պատմություն
են մատուցել։ Դուք կընդդիմանաք իմ ասածներին և չեք
ընդունի, բայց ես հիմա կասեմ ձեզ այն, ինչը եղել է իրականում
և որի ականատեսն եմ եղել ես։ Նոր կրոնը մենք չենք ընդունել
սիրահոժար. այն պարտադրվել է մեզ օտարի դավի
արդյունքում։ Մենք էլ, իհարկե, մեր վրիպումներն ունեցանք, որ
դա տեղի ունեցավ։ Տրդատը՝ առավել ևս։ Նա վրիպեց
Հայաստան գալու առաջին իսկ օրերին։ Պատանդությունից նա
եկավ հռոմեական բանակի հետ և սխալմունք գործեց՝ ճնշելով
բոլոր այն նախարարներին, ովքեր իր հայր Խոսրովի մահից
հետո պարսիկների կողմն էին բռնել։ Բայց այդ նախարարները
երկիրը պահելու այլ ուղի չունեին։ Եվ հետո, նրանք բոլորը մեր
հավատքի կրողներն էին, ճշմարիտ հայկազուններ։ Հեռացնելով
նրանց՝ Տրդատը նրանց փոխարեն պաշտոնի բերեց ծագումով