Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Seite 55

Նրանց դեմ մի քարայր բացվեց, որ գետնից բարձր էր մարդու երեք հասակի չափ։ Արտասովոր լայն ու մեծ աստիճաններ էին ելնում դեպի մուտքը։ Բարձրանալով՝ նրանք քարայրի ներսում վառվող կրակ տեսան, վրան ագաթե մի թաս։ Կրակի կողքին բորենու հնամաշ մորթով ծածկված, տափակ գագաթով մի քար էր, որ ծառայում էր որպես աթոռ։ Մորթիներ էին փռված նաև մի անկյունում՝ որպես անկողին։ Եկվորներն այնտեղ տասը- տասներկու տարեկան, քնած մի տղեկ տեսան։ Քարայրի խորքում՝ պատի տակ, միաչափ գավաթների մեջ բազմագույն հեղուկներ էին, մրի մեջ կորած ամաններում՝ մանրացված քարաբեկորներ։ Գավաթների թիկունքում պնակիտներ ու մագաղաթների խրձեր էին. զգացվում էր, որ ջանացել էին դասդասել դրանք, բայց միևնույն է, գրերը կուտակված էին միմյանց վրա։ Եկվորները հազիվ էին հասցրել տնտղել քարայրը, երբ դանդաղ ոտնաձայներ լսվեցին, ապա քարանձավի մուտքին երևաց ալեհեր մի ծերունի։ Ամենքը ճանաչեցին Շահաբին։ Մի հանդարտ ժպիտ կար նրա դեմքին, աչքերում՝ ծիծաղկոտ փայլ, մի տեսակ անհասցե արտահայտությամբ։ Ժպտուն այդ դեմքի ետևում մի սֆինքս էր ասես՝ անիմանալի ամենքին։ — Գիտեի, որ կգաք մի օր,— ասաց նա՝ հյուրերին ողջունելով։ Իսկ նրանք, լսելով Շահաբի այս խոսքերը, նրան նայեցին այն նույն շփոթմունքով, որպիսին արքան էր ունեցել ամիսներ առաջ։ — Շահաբը միտումնավոր է համր ձևացել, որպեսզի չհալածեն իրեն,— շտապեց պարզաբանել արքան, ապա նրան ներկայացրեց իր ուղեկիցներին։ Շահաբը, պարզվեց, ճանաչում էր բոլորին։ Հայր Մարդպետը, որ իր բնավորությանը համաձայն քննախույզ հայացքով զննում էր քարայրը, հետաքրքրվեց. — Ո՞վ է տղան։