Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 54
Բաթ իշխանը հասկացավ, որ արքան հերթական գիշերային
շրջայցի է դուրս գալիս։ Բայց ինչո՞ւ գաղտնիության քողի տակ։
Եվ հետո թե՛ Երեմիայի, թե՛ Պապի դեմքին խորհրդավոր
լրջություն կար։
— Դու զորանոցում էիր, և չկամեցանք որևէ մեկը տեսնի քեզ
արշավային զգեստով,— ասաց արքան, իսկ Երեմիան նրան
պարզեց մի թիկնոց։
Գաղտնի ելարանով նրանք դուրս եկան ամրոցից ու զառիվար
ճանապարհով իջան դեպի ձորը։ Քիչ անց մարդկային
ստվերներ երևացին նրանց առջևում։ Բաթ իշխանն
անհանգստացավ, բայց արքան շտապեց ասել, որ յուրայիններ
են. Հայր Մարդպետն էր՝ իշխան Գնելի ու մի քանի զինվորների
հետ։
— Հեռու չենք գնում,— ասաց արքան Բաթ իշխանին,— մի
քարայր կա այստեղ մոտերքում՝ գյուղի տակ, ժայռերի մեջ։
— Քարա՞յր,— զարմացավ Բաթ իշխանը,— և ինչո՞ւ այսպես ուշ
ժամի։
— Ամենն այնտեղ կիմանաս. մեզ մի հետաքրքիր հանդիպում է
սպասվում։
— Եվ այդ ո՞ւմ հետ, այդ ո՞վ է, որ կարող է իր անձով պատճառ
դառնալ մեր անքնության։
Արքան ծիծաղեց նրա խոսքերի վրա, ապա լրջանալով ասաց.
— Նա քուրմ է։
— Բայց, արքա՛, նրանք վաղուց է, որ չկան,— զարմանքը
չկարողացավ թաքցնել Բաթ իշխանը։
— Պարզվում է, իշխա՛ն, մեկը նրանցից ողջ է, ու հիմա գնում
ենք նրան տեսության։
— Համա թե կփրփրե՜ն վանականները,— ասաց Հայր
Մարդպետը, ով ճանապարհի նեղության պատճառով գալիս էր
նրանցից մի փոքր ետ ընկած ու պարզ լսում էր նրանց
խոսակցությունը։