Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Página 53

Այդ գանձերից արքան բաժին հանեց սպարապետ Մուշեղին ու կարգադրեց համալրել բանակն ու այն տասը հազար նիզակից հասցնել իննսուն հազարի ։ Իսկ ինքը, մնացյալ գանձերն առած, նորեն մեկնեց գավառները ՝ այնտեղի գործերը շտկելու ։

Գլուխ յոթերորդ

Ուշ երեկոյան, երբ Գառնո ամրոցի պահակետերի գիշերային շրջայցն ավարտելուց հետո Բաթ իշխանը պատրաստվում էր հանգիստ առնել, նրան լուր բերին, թե արքան սպասում է իրեն ։ Զարմացած տարաժամ այդ հրավերից ՝ նա հագնվեց ու գնաց արքայի հարկաբաժին ՝ շարունակ մտորելով անակնկալ հրավերի հնարավոր պատճառների մասին ։
Նախասրահում, ի զարմանս իրեն, սպասավորներ չկային. դա սկզբում անհանգստացրեց նրան, բայց հետո մտածեց, թե գուցե արքան է այդպես կամեցել, և հրավերի մեջ խորհրդավորություն տեսավ ։
Օրը նրան բավականին հոգնություն էր բերել, և որոշեց կասկածներով ու վարկածներով ինքն իրեն չտանջել ։
Օջախի դեղնակարմիր լույսն աշխուժորեն խաղում էր առաստաղը պահող ոսկեզօծ սյուներին, մարմարե շախմատաձև հատակը փայլեցված էր արմավենու յուղով այնպես փութաջանորեն, որ նրա վրա գրեթե չաղավաղված գծերով արտացոլվում էին պոնտական մայրեփայտե ցածր պահարանախումբը, գորգազարդ պատի տակ դրված եռոտանի սեղանն ու դրա շուրջը բոլորաձև շարված անբազկակալ, կրիայի խեցեմորթով երեսքաշված գահավորակները ։
Դեղնափետուր սոխակներ էին ննջում գրկաչափ ծաղկամանի մեջ դրված պինիայի ճյուղերին, մետաքսածածկ որմնախորշերից մարջանե արձաններ էին նայում անորոշ հեռուն ։
Բաթ իշխանը մոտ գնաց ու զննեց սոխակներին ։ Արքան եկավ Երեմիայի հետ, երկուսն էլ ՝ արշավային զգեստով ։