Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Seite 52
Հայր Մարդպետը դառնորեն օրորում էր գլուխը, քթի տակ ինչ-
ոչ բան ասում՝ լսելի միայն իրեն։
Շեներից մեկում նրանք պատահեցին թաղման մի թափորի.
տասնյոթամյա մի աղջկա էին հողին հանձնում։ Պարզվեց՝
ծնողներն աղջկա կամքին հակառակ նրան կուսանոց էին
ուղարկել, աղջիկն էլ, չկարողանալով դիմանալ սիրած տղայից
հավերժ բաժանվելու վշտին, կախվելու միջոցով ինքնասպան էր
եղել մենաստանում։
— Այդ վանականներն էլ ուրիշ գործ չունե՞ն,— Հայր
Մարդպետի մոլեգնությանը չափ չկար,— ջահել աղջիկներին
հազարներով փակում են մռայլ պատերի մեջ, իբրև Քրիստոսի
հարսնացուների։ Նրանք ուզում են վերացնել մեր ազգը։
Նա հորդորում էր արքային թագավորական հրովարտակով
փակել բոլոր կուսանոցները, որպեսզի ջահել աղջիկներն
այնտեղ խամրելու փոխարեն զավակներ պարգևեն երկրին։
Արքան Հայր Մարդպետին ասաց, թե քանի դեռ չի ամրապնդել
իր իշխանությունը երկրում, ցանկալի չէ խառնվել եկեղեցու
գործերին ու այն հանել իր դեմ։ Ասաց, որ սպասել է պետք։
Սակայն դժգոհություններ նրան հասան այլ շեներում ևս՝ երեք
ամսում վեց աղջիկ էր ինքնասպանվել մենաստաններում։ Ու
նա հրովարտակով փակեց բոլոր այն կուսանոցները, ուր
մահվան դեպքերն էին եղել, իսկ այնտեղ գտնվող կանանց տուն
ուղարկեց։
Դառնալով Դվին՝ արքան կարգի բերեց բանակը, սպարապետ
Մուշեղի հետ կռվի վարժեցրեց երկու ամիս, ապա հունաց
զորքի հետ պարսիկներից ետ գրավեց բոլոր բերդերը, այդ
թվում նաև Կոգի գավառի Դարոյնք բերդը, որը շնորհիվ
հավատարիմ բերդապահների անառիկ էր մնացել պարսից
բազում հարձակումներից։ Այստեղ էր պահվում թագավորական
տան գանձերի մեծ մասը, և այն ամբողջապես հանձնվեց
արքային։