Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 50

Արքան գյուղերին օգնություն հատկացրեց պարսիկներից առած ավարից՝ քարշող ու բեռնակիր անասուններ, ձիասարքեր, կարասի, իսկ արքունի գանձարանից միջոցներ տրամադրեց ընտանի անասունների և սերմացուի համար։ Նախարարներից ևս պահանջեց աջակցել մարդկանց։ Բայց հոր ու նախարարների հակադրության դառը փորձը հաշվի առնելով՝ նա խուսափեց նրանց մեծ հարկի տակ դնելուց։ Իսկ Հայր Մարդպետը մյուս նախարարներին պատվի գցելու համար հարյուր ձիաբեռ ցորեն նվիրաբերեց նահանգների գյուղերին, երեք հազար ոչխար։ Արքան նաև տեղի վանքերին առաջարկեց օգնության հասնել մարդկանց։ Վանականները տրտնջացին, թե իրենք էլ են տուժել պարսիկների ասպատակությունից, հազիվ են ծայրը ծայրին հասցնում և քիչ բանով կկարողանան օգտակար լինել։ Այս պատասխանից Հայր Մարդպետը փրփրեց. — Ինչպե՞ս թե օգնել չեն կարող. ամեն գավառում յոթ ու տասը անկելանոց ունեն, ուր հավաքվում են անբաններն ու ձրիակերները, ոչինչ չեն անում, ու շեները, որ նեղության մեջ են, դեռ պարտավոր են կերակրել նրանց ու հոգալ նրանց բոլոր կարիքները։ Թող այդ անբանները հող մշակել սովորեն, իսկ շեների հարկերն էլ բանակին գնան կամ թե ավերված իրենց տները կարգի բերողներին։ Յուրաքանչյուր շենում իջևանատուն են կառուցել տվել, ուր կենում է ամեն տեսակ օտարազգի, ու գյուղացիք դրանց էլ են պահում։ Թող ե՛տ ուղարկեն այդ թափառականներին իրենց երկրները, իսկ տներն էլ տան մեր անօթևաններին։ Չե՞ն կարող օգնել. ինչպե՞ս թե՝ չեն կարող. հապա ի՞նչ եղան մեհյանների գանձերը, որ Գրիգորիսը խլեց անխնա։ ո՞ւր է Գրիգորիսի կարգադրությամբ ոչնչացված իշխանական տների, սպանված կամ երկրից արտաքսված հայերի ունեցվածքը։ ո՞ւմ համար են պահում։ Ու դաձավ Պապին. — Նրանք քեզանից շատ հող ունեն, արքա՛, նրանք երկրից էլ հարուստ են ու դրանով չհագենալով՝ գյուղացիներից տասնորդ