Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | страница 49

Նրան ոչ մեկը չէր տեսել ժպտալիս, հանդիսություններին զուսպ էր, միշտ նստում էր արքայի կողքին, իրադարձություններին հետևում էր արձանի սառնությամբ ։
Նրա պահվածքի խորհրդավորությունը հետզհետե նրա անունը շուրջառել էր ասեկոսեներով ու լեգենդատիպ պատումներով, թե իբր նա իրականում չորս հարյուր երեսուն տարեկան է և մարդկային կյանքի տասը տարին նրա համար մեկի է համարժեք ։ Իբր նա որպես քուրմ պատահել է Հնդկաստանից վերադարձող Ալեքսանդրին և աղերսել շրջանցել Բաբելոնը, հայտնելով, թե նա այնտեղ կգտնի իր մահը ։ Իբր անազատ գրագրի կերպարանքով հանդիպել է Հուլիոս Կեսարին նրա մահվան օրը և փորձել հայտնել նրան դավադրության մասին ։ Իբր եղել է կայսր Կալիգուլայի խորհրդատուն, իբր մի անգամ էլ հազար տարով առաջ է անցել ՝ մի իմաստունի հանդիպելու համար, ում հետո խարույկ են բարձրացրել ։
Տարօրինակ այս պատմություններին քչերն էին հավատում, այնուհանդերձ, Նուրծ Րաի անձն ակամա ակնածանք էր հարուցում նրան հանդիպողների սրտերում ։
Ձիրավի ճակատամարտից տասն օր անց արքան ներքին գործոց նախարար Հայր Մարդպետի, իշխաններ Բաթ Սահառունու և Գնելի ու գրագիր Երեմիայի ուղեկցությամբ մեկնեց մերձակա նահանգները ՝ ծանոթանալու երկրի վիճակին. մի քանի տարի նա բացակայել էր Հայոց Աշխարհից և տեղյակ չէր նահանգների կյանքին ։
Պատկերը, որ նրանք տեսան, սպասվածից էլ անմխիթար էր. Շապուհն ավերել էր քաղաքները, հրի մատնել շեները, և շատերն անօթևան էին ։
Հայր Մարդպետը շեն առ շեն գրառում էր վիճակը, և ապա արքայի գլխավորությամբ տեղի նախարարների ու իշխանների հետ քննարկում էին տնտեսությունը վերականգնելու հնարավորությունները ։