Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 48
ովքեր պատումներ էին լսել քրմերի անպատկերացնելի
հնարավորությունների մասին, ասում էին, թե արքային
կառավարել են հեռվից, ինչ- որ անիմանալի միաբանության
կողմից՝ նրան ուղղորդելով այդ միաբանության հոգևոր ուժը։
Այդպես կարծում էին հատկապես նրանք, ովքեր, լսելով
արքային, այն զգացողությունն էին ունեցել, թե ասես երկնքից
մի ուժ էր իջել, մի իշխանություն, որն արքային վեր էր
բարձրացրել մնացյալ մարդկանցից. այդ ուժն իրենց իրական
էության նկատմամբ ինչ-որ այլ, արտաքին, այլուրային լիներ
ասես, այն կարծես հյուր լիներ հեռու աստղերից։
Դվինի բնակիչներից նրանք, ովքեր հաճախ էին պալատ
ելումուտ անում, այս ամենի իրենց սեփական մեկնությունն
ունեին. ասում էին, թե արքայի հետ Հայաստան եկած Նուրծ
Րան է այս ամենի պատճառը, և որ իբր նա ճակատամարտի
նախորդ գիշերը լիալուսնի ներքո միայն իրեն հայտնի կերպով
փոխել է արքայի արյունն ու սիրտը և նրան դարձրել բոլորովին
այլ մարդ, այնպիսին, ում համար մահը դադարում է գոյություն
ունենալ և ով նոր ոգի է առնում, դառնում ամենահաղթ ու նաև
անխոցելի. և ոչ մի մահկանացու չի կարող նրան վնաս
պատճառել, քանի որ նա լինում է արդեն պաշտպանված
անհայտ մի կերպով։ Այսպես մտածողները գտնում էին, թե Րան
նրան սովորեցրել է խոսքի յուրահատուկ ոճ, ինչպես նաև
շարժուձև ու պահվածք, որն էլ օգնել է արքային հմայել
բանակին։
Արքան իսկապես Բյուզանդիայից վերադարձել էր Նուրծ Րա
անունով մոտ հիսուն տարեկան մի տղամարդու
ուղեկցությամբ։ Նրա մասին ոչ ոք ոչինչ չգիտեր և անհնար էր
իմանալ, քանի որ ապրում էր խիստ մեկուսի, շփվում էր միայն
արքայի հետ, ժլատ էր խոսքի մեջ, ասես ամեն բառի համար
նրանից հարկ էին պահանջելու։ Իսկ արքան նրա վերաբերյալ
հարցերին միշտ նույն կերպ էր արձագանքում.
— Նա եկել է անցյալից և գնում է ապագա։