ուժով և անկոտրում կամքով, որն արքայից էր անցել իրեն ։ Իսկ մեկ ուրիշը վստահեցնում էր, թե արքայի խոսքերից աչքերն արցունքոտվել են, այդ պահին նրան թվացել է, թե գուցե կիսադից է իր դեմ կանգնած, և միակ բանը, որ կարողացել է անել, շարքերի մեջ չհեծկլտալն է եղել ։
Բայց սա դեռ ամենը չէր ։ Կային զինվորներ, ովքեր վկայում էին, որ առաջին շարքերում կանգնած լինելով, նայել են ուշադիր արքայի աչքերի մեջ, և դրանք իրենց թվացել են կրակով լի ։ Նրանք ասում էին, թե արքայից անիմանալի ու անտեսանելի մի հոսանք է հորդացել ՝ կլանելով իրենց ։ Նրանք, արքային լսելով, անսպասելիորեն տեսել են փառքի առաջնորդի հայտնությունը. նրանց համար ասես լուսավառվել էր մութ պատուհանը ։ Եվ արքան այդ դեպքից հետո նրանց համար վերածվել էր լուսակիր կուռքի, ումից չէին կարողանում հեռանալ հմայվածի պես և ում հետևից պատրաստ էին գնալ ուր ասես ։ Նրանք խնդրել էին արքային ընդունել իրենց թիկնագունդ ։
Ոմանք հավատացնում էին, թե արքան Ձիրավի ճակատամարտին նախորդած գիշերն ինչ-որ մի հնարքով հանդիպել է ժամանակի և տարածության մյուս սահմանից եկած, դիցերի զորություն ունեցող մարդկանց ։ Նրանք այդ հանդիպումը նկարագրում էին այնպես մանրամասնորեն, ասես իրենք այդ պահին ուղեկցել են արքային և ներկա են եղել հանդիպմանը ։ Ականատեսի վստահությամբ ասում էին, թե գերհզոր այդ էակների հետ հանդիպման ժամանակ սառը քրտինք է պատել արքային և արյուն է հորդել բերանից, քանի որ ժամանակի և տարածության մյուս սահմանից եկածներին մարդը դիմանալ չի կարող ։ Դժվարին այդ հանդիպումից հետո, ասում էին նրանք, արքան դարձել է հզորների ընտրյալը, և նրանք նրան գերբնական կարողություններով են օժտել ։ Այս մեկնությունը շատերին էր թվում հավատարժան, քանի որ հիշում էին տարիներ առաջ, դեռ Արշակ թագավորի օրերում, վանականների տարածած այն պատմությունը, թե Փառանձեմ թագուհին իր Պապ որդուն գաղտնի նվիրաբերել է դիցերին և որ օձեր են վխտում նրա մարմնի վրայով ՝ հագուստի տակ ։ Նրանք,