Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 46
առաջ տանել իր հեծյալներին։ Մարտի գիծը խառնվեց,
պարսիկների զորագնդերը սկսեցին կաշկանդել միմյանց։ Այդ
միջոցին կռվի մեջ մտան նաև հռոմեական կոհորտաները։
Ճնշումն ահավոր էր, և կես ժամ դիմադրելուց հետո
պարսկական գնդերը սկսեցին նահանջել, սկզբում կանոնավոր,
բայց հետո խուճապ ընկավ նրանց մեջ ու սփռվելով
դաշտավայրով մեկ՝ փախուստի դիմեցին։ Հայ և հռոմեացի
զինվորները հետապնդեցին նրանց, շատերին կոտորեցին,
քչերին միայն հաջողվեց իրենց արագավազ ձիերի շնորհիվ
փախչել ու ապաստանել լեռներում ու խոր ձորերում։
Գլուխ վեցերորդ
Ձիրավի դաշտում տարած հաղթանակի լուրը նժույգի
արագությամբ բոլոր ուղղություններով տարածվեց ողջ երկրով
մեկ ու խանդավառեց Հայոց Աշխարհը։ Արշակ թագավորի
գերեվարումից հետո արդեն քանի տարի նման բերկրություն
չէր համակել մարդկանց, և ամենուր ուրախություն էր. ամենքը
տոչորվում էին հաղթանակած արքային սեփական աչքերով
տեսնելու կարոտից։
Հաղթության բերկրանքի տարածմանը զուգընթաց
պատումների ու ասեկոսեների մի ալիք բռնեց երկիրը. դրան
նպաստում էին ճակատամարտին մասնակցած զինվորները։
Նրանցից ոմանք, որ կռվից առաջ լսել էին արքային, ամենուր
պատմում էին, թե նա իր խոսքով իրենց վրա մի անբացատրելի
ազդեցություն է ունեցել, այնպես, որ մոռացել են իրենց եսը,
իրենց գոյությունը և մահվան երկյուղը չքացել է իրենց միջից
ողջ կռվի ընթացքում։
Պատահում էր՝ լսողները նրանց չէին հավատում, նրանց
պատումները համարում էին հորինվածք, իսկ նրանք երդվում
էին բոլոր սրբություններով։
Գնել իշխանի զորախմբից մի տասնապետ պատմում էր, որ
լսելով արքային՝ համակվել է վստահության կախարդական