նրանց վրա ։ Հետո նույն կերպ վարվեցին մյուս հարյուրյակները, և ամբողջ քառորդ ժամ նիզակների տարափը չէր դադարում ։ Վահանների ետևից ծիկրակող պարսիկներին անհասկանալի էր այս ամենի նպատակը, մինչդեռ սրերը մերկացրած հայկական ջոկատներն անհամբեր սպասում էին իրենց ժամին ։
Տարափը վերջապես դադարեց, և նրանք ահեղ գոչյունով նետվեցին թշնամու վրա ։ Պարսիկներն անկարող էին կռվել ՝ ձեռքում պահելով նիզակահարումից ծանրացած վահանները և հարկադրված գցեցին դրանք ։ Հայերին հենց դա էր պետք. զորագնդի կեսը մնացել էր առանց նիզակ, և նրանք հասկանում էին, որ եթե իրենց չհաջողվի խուճապի մատնել թշնամուն, քանի դեռ փղերը հեռու են, կործանված են ։ Ու նրանք կռվում էին անսահման եռանդով ։ Նրանց համար դյուրին էր սպանել անվահան մնացած պարսիկներին, բայց նրանք ջանում էին ոչ թե սպանել, այլ վիրավորել, որպեսզի սրանք շուռ գալով ոտնատակ տային մյուսներին ։ Եվ նրանք խոցում էին այնպես արագ ու հմտորեն, որ հազիվ էին հասցնում սուրը դուրս քաշել հերթական զոհի մարմնից ։ Արյուն էր կաթում նրանց սրերից, դաստակները բոսորագունվել էին, աչքերը լցվող քրտինքի առուները սրբելով ՝ նրանք արյունոտել էին դեմքը, ճակատը և նմանվում էին զոհաբերության շուրջպարի ելած քրմերի ։
Մահվան սպառնալիքից գլուխը կորցրած պարսիկներն ընկրկեցին և խառնեցին շարքերը ։ Վահաններով պաշտպանված հայկական հարյուրյակներն արագորեն խորացան նրանց դասավորությունների մեջ ։ Յուրայիններին կոխկռտելով ՝ պարսիկները գրոհեցին սեփական բանակի վրա ։ Վահանակիր զինվորներին առաջին գիծ հասցնելու պարսիկների ջանքերն արդյունք չտվեցին, քանի որ բոլոր ուղիները փակ էին ։ Իսկ հայերը, մոռացած և ՛ վերք, և ՛ հոգնածություն, միմյանց քաջալերելով, նետվում էին թշնամու վրա ։ Նրանց հաջողվեց ետ շպրտել կենտրոնում կռվող հետևակ գնդերը, և սրանք սկսեցին նահանջել ։ Պարսկական հեծելազորը, որ համառորեն դիմադրում էր Բաթին, տեսնելով այդ, մղվեց դեպի կենտրոն ։ Բաթը հնարավորություն ստացավ