Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 44
շեշտակի հարվածով երրորդի գլուխը կիսեց մեջտեղից, հետո
ճարպկությամբ խույս տվեց անկասելի թվացող հարվածից ու
երբ պատսպարվեց վահանի ետևում, մի քանի նետ ու հեռվից
արձակված մի տեգ խոցեցին այն։
Պարսիկները ճանաչել էին իշխանական նրա շքեղ ասպազենը
և նրա վրա հարձակվում էին մեծ խմբերով։ Նա ետ էր մղում
հարվածները, խույս տալիս հմտությամբ։ Նա սպանեց ևս երկու
պարսիկի, սրի հարվածից նրա սաղավարտի փոկը թուլացավ և
այն կախ ընկավ կրծքին։ Դա կատաղեցրեց նրան, և նա սոսկալի
արագությամբ հարվածներ էր հասցնում իրեն մոտեցողներին։
Սպանելով տասներկու հոգու՝ նա ազատեց իրեն պարսիկների
խիտ օղակումից, բայց հեռվից արձակված մի տեգ վիրավորեց
նրան ուսից։ Նրա ձեռքը թուլացավ, հաջորդ հարվածից զրահը
պատռվեց կրծքի վրա։
Զորապետին սպառնացող վտանգը սթափեցրեց զինվորներին, և
նրանք, հակառակորդի շարքերը խառնելով, ինչպես փիղն է
տրորում մացառները, հաշված վայրկյաններում հայտնվեցին
Գնելի կողքին։ Հակահարձակումը ոգևորվեց հայերին,
Ճակատային գիծը խորացավ թշնամու դիրքերի մեջ։
Գնելին կամեցան դուրս հանել մարտի դաշտից, բայց նա
հրաժարվեց։ Նժույգի բարձրությունից նա զննեց մարտի դաշտը.
իր առջևում պարսիկները խտացնում էին թիկունքը, փղեր էին
երևում դրոշների ետևում։
Նա տրտմությամբ գլուխը տարուբերեց։
— Տարա՛փ,— կարգադրեց հարյուրապետներից մեկին,— այլ
ելք չունենք։
Փողեր հնչեցին, սկզբում երկար, ապա ընդհատ-ընդհատ, իսկ
երբ տասնյակ թմբուկների զարկերից հարթավայրը դողաց,
Գնելի զորագունդը մեկ մարդու պես ետ քաշվեց ու բանակների
միջև երեսուն ոտնաչափ տարածություն առաջացավ։ Ետին
շարքերից ծանր նիզակավոր զինվորներ մղվեցին առաջ ու
վազելով դեպի պարսիկները՝ զենքերը թափով շպրտեցին