— Դա, անշուշտ, Մերուժան իշխանի զինվորներն են փղերին հարբեցրել ծածուկ ։ Հարմար մի պահի նա իր գնդով կմիանա մեզ. այդպես ենք պայմանավորվել ։
Սպարապետ Մուշեղն իր գնդով կռվում էր աղվանների Ուռնայր թագավորի զորքի դեմ ։ Նա հեռվից ճանաչել էր Ուռնայրի դրոշը և մի հարյուրյակի գլուխ անցած ՝ թրատելով խորանում էր աղվանների դիրքերի մեջ ։ Հայոց ջոկատները կռվելով հետևում էին սպարապետին ։ Չդիմանալով գրոհի թափին ՝ աղվանները խառնեցին շարքերը և սկսեցին նահանջել ։ Հայերն անխնա կոտորում էին նրանց ։ Ուռնայրը տեսնելով իր զինվորների ջարդը, դիմեց փախուստի ։ Բայց Մուշեղը հասավ նրան և հետևից իր երկար նիզակի կոթով սկսեց ծեծել նրա գլուխը ։
— Շնորհակա ՛ լ եղիր,— կանչեց,— որ թագավոր մարդ ես, գլխիդ թագ ես կրում, թե չէ քեզ շան նման կսատկացնեի խոսքերիդ համար ։
Թողնելով Ուռնայրին, Մուշեղը գունդը շարժեց դեպի պարսիկների դիրքերի խորքը ։
Հեծելազորերը թևերում կռվում էին փոխնիփոխ հաջողությամբ, կողմերից և ոչ մեկը չէր կարողանում առավելության հասնել ։ Ակնհայտ էր, որ մարտի ելքը որոշելու էին հետևակ գնդերը ։
Մուշեղի առաջընթացը բավարար չէր հաղթանակ ապահովելու համար, քանի որ կենտրոնում պարսիկները մեծ ուժեր էին կուտակել Գնելի դեմ, իսկ հռոմեական զորքերը մարտին չէին մասնակցում, քանի որ պարսիկների հետ ունեցած պայմանի համաձայն իրավունք չունեին հայերի կողմից հարձակողական գործողությունների դիմել ։ Մուշեղը հարկադրված եղավ կասեցնել իր գնդի ընթացքը և սեղմվել դեպի կենտրոն ։
Գնելն իր զորագնդով մխրճվել էր պարսիկների դիրքերի մեջ և ջանում էր խորանալ թրատելով ։ Պարսիկները նրա դեմ երկար նիզակավորներ հանեցին ։ Գնելը յուրայիններին կարգադրեց թրատել նիզակները ։ Նա փռեց երկու հոգու, վերից վար