Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 41

մղվեցին միմյանց ընդառաջ ։ Մի ահավոր դղիրդ տարածվեց հարթավայրի վրա, գետինը երերաց տասնյակ հազարավոր սալդալների ու սմբակների դոփյունից. զենքերի շառաչն ականջ էր խլացնում ։ Առաջին վիրավորների ճիչերի հետ ռազմի գիծը կորավ թանձր փոշու մեջ. երկու կողմերից թարմ հարյուրյակներ էին մղվում դեպի այն և սեղմվելով անէանում, ասես ընդերքը ճեղքվել ու կլանում էր մարդկանց ։ Սրեր էին թռչում վեր, կտրված ձեռքեր ու գլուխներ, արյունը ցայտում էր բոսորագույն շիթերով ։ Կռվողների ոգեշնչող կանչերը, հրամանատարների կոչերը, նժույգների խրխինջը, փողերի հնչյունները, վիրավորների աղերսն ու մեռնողների հառաչը միախառնվում էին դոփյունին ու զենքերի շառաչին ։
Ռազմի գիծը գալարվում էր ամեհի օձի պես ։ Կռվողները սայթաքում էին արյան լճակների մեջ ու խոցում միմյանց ընկած վիճակում, անզեն մնացածները խեղդում էին իրար, ատամներով կոկորդ պոկում ։ Իսկ գետնատարած վիրավորները, անկարող այլևս ոտքի կանգնել, դաշույնով պատառոտում էին կռվողների սրունքները, կառչում նրանց հագուստներից ։ Պարսավորները հեռվից կավե ու արճճե արկերի տարափ էին տեղում ։ Դիակների բուրգերը կաշկանդում էին շարժումները, և կռվելը հետզհետե դժվարանում էր ։
Գնել իշխանի գունդը համառ մարտերով մխրճվել էր թշնամու դիրքերի մեջ և առաջանում էր թրատելով ։ Շարքերը սեղմվում էին նրանց առաջ, տեգեր ու նիզակներ էին նետվում նրանց վրա, բայց հայերը քայլ առ քայլ խորանում էին հակառակորդի դասավորության մեջ ։
— Օ ՜, ողբ, օ ՜ ողբ, մենք կորած ենք, օ ՜, ողբ, օ ՜, ողբ, մեր դեմ մարդիկ չեն, մեր դեմ նորեն Միհրի զինվորներն են, ում մեջ մեռել է արդեն մարդը, և Միհրի նման հարություն առած ՝ նրանք անպարտ են և աներկյուղ,— հանկարծ կանչեց պարսիկ տարեց մի հազարապետ ։— Բայց այդ ինչպե ՞ ս, բայց ինչպե ՞ ս