Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 40
Արքան կաթողիկոսի ու Տրայանոսի հետ ելավ բլրի վրա ու տեղ
գրավեց Հայոց Աշխարհի դրոշներով զարդարուն կողաբաց
վրանի մոտ՝ արևի տակ, ինչպես որ իր զինվորներն էին։
Սկզբում ռազմերթի խուլ դղիրդ հասավ պարսիկների
ճամբարից, ապա սաղավարտներ փայլեցին հորիզոնի վրա և
կապտավուն զրահների հզոր մի գետ հորդաց առաջ
հարթավայրի վրայով։
Սպարապետի վրանի առջև խմբված հայոց զորավարները
հետևում էին թշնամու ամեն շարժումին։
— Ա՛յ, թե կռիվ է լինելու,— Գնել իշխանը շոյեց սրի բռնակը.
նրա ձին վրնջում էր անհանգիստ ու սմբակներով գետինը
փորում։ -Երդվում եմ Աստծով՝ այսպիսի մեծաքանակ զորք չեմ
տեսել երբևէ։
— Ծանր է լինելու մեզ համար,— արձագանքեց Բաթ
Սահառունին,— եթե չհաջողեցնենք հանկարծակի բերել նրանց։
— Ծանրն անփառունակ մահն է, որ վրա է հասնում գինետանը
կամ գալիս է դավադիր դաշույնից։ Սակայն բավ է տանջենք մեզ
անուրախ խոհերով,— ասաց նրանց սպարապետ Մուշեղը և
զորապետներին հաղթանակ մաղթելով՝ ձիավարեց դեպի աջ
թևը, ուր հռոմեացիների հարևանությամբ իր գունդն էր՝
կազմված Վանանդի, Ամատունյաց և Դիմաքսյանց տոհմերի
իշխանների զորաջոկատներից։
Գնել իշխանը դիմեց դեպի կենտրոն։ Նրա հետ էին Անգեղտան,
Մոկաց, Սյունյաց, Ռշտունյաց, Մաղխազության տան
իշխանների, Շահապիվան շահապի զորաջոկատները։
Բաթ Սահառունին Նոր Շիրական, Ասորեստանի,
Արուաստանի, Մասքութների կողմերի գահերեց բդեշխների
հեծյալ զորագնդերի գլուխ անցած՝ արշավեց դեպի ձախ։
Բանակները մոտեցան միմյանց։
Փողեր հնչեցին, ապա հեծելազորերը խելահեղ հողմերի նման
բախվեցին միմյանց, հետևակ գնդերի առաջին շարքերը հեռվից
նետեցին նիզակներն ու, սրերը մերկացնելով, ահեղ գոչյունով