Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 39

հիշողությունից նրանց հարազատներին. նրանք զգում էին, որ այլևս սովորական էակներ չեն իրենք, մարդ չեն ասես, և որ մահը ոչինչ է իրենց համար. նրանց համար կար սոսկ մի նպատակ՝ ջարդել, հալածել թշնամուն, և վստահ էին, որ ոչինչ խոչընդոտ չի կարող լինել դեպի այդ նպատակը տանող ճանապարհին։ Նրանք պատրաստ էին զոհել իրենք իրենց, նաև իրենց բոլոր մերձավորներին, հարազատներին, միայն թե նպատակին տանող իրենց ուղին չխաթարվեր, իրենց տենչը չմնար անկատար։ Նրանք զգում էին, որ դարձել են անահ, որ կարող են դառնալ բաբանի պես ամուր, եթե կարիք լինի պարիսպ կործանել, մի հզոր ալիք, եթե կարիք լինի նավեր խորտակել։ Նրանք վստահ էին, որ կարող են սրբել ամեն արգելք, և նրանց մժեղ էին թվում պարսից զինվորները, ձիերը, փղերը, ճամբարի պատնեշները, իսկ որևէ բանակ խորտակելը նրանց թվում էր մանկական խաղ։ Նրանք վստահ էին, որ իրենց նմանների միասնությունը կարող է արագացնել երկրի պտույտը։ Ու սրերը զարկելով վահաններին՝ ոռնացին ահարկու, որպես ամենքին անհայտ մի արարած փշե. — Ի մա՛րտ, ի մա՛րտ, ի մա՛րտ։ Արքան առաջ պահած ափի շարժումով ողջունեց կռվելու նրանց կամքը, նրանց բոլորի հայացքի առջևով դանդաղ կողմ քաշվեց՝ տեղ տալու երթին, և ապա ձեռքն անխոս պարզեց դեպի պարսիկները, ասես այդ կերպ ուղղորդում էր նրանց շարժումը։ Գնունյաց Ատոմ իշխանի խրոխտ կանչերի վրա ռազմի թմբուկներ զարկեցին, գալարափողերը հոգի թրթռացրին, և ուղղանկյունաձև զորասյուները տեղից շարժվելով, գետանցումին ոլորվեցին և որպես ահռելի միասնական արարածներ՝ սողացին դեպի թշնամին։ Հեռվում նշմարվող փղերի ուրվագծերը մրջյուններ էին նրանց չափերի համեմատ։