Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 38

բովանդակությունը, ձեռքերի հատու շարժումները սարսռեցնում էին նրան լսողների մարմինները, և նրանք հետզհետե կերպափոխվում էին. նրանց շունչն ասես կտրվում էր հուզմունքից։ Նրանք զարմանքով նկատում էին, որ հետզհետե մոռանում են իրենց եսը, իրենց անձի, իրենց ընտանիքի, մերձավորների հետ կապված անհանգստությունները. նրանք հասկանում էին, որ արդեն պատրաստ են իրենց ամբողջությամբ հանձնել անանձնական սխրանքների։ Հենց այդ միջոցին արքան հայտնեց ամենքին ի լուր, որ իր իսկ հրովարտակով մարտի բոլոր մասնակիցներին հարյուրական ակր հող է շնորհվելու, իսկ վիրավորներին և կամ նրանց, ովքեր կհավերժանան այսօր ու կմիանան սուրբ նախնիներին, քառակի չափի, ու նաև արքունի տնից ամենամյա նպաստ կտրվի նրանց ընտանիքներին ամբողջ քսան տարի։ Այս լուրը զինվորների մեջ իսպառ չքացրեց իրենց ընտանիքների ապագայի հանդեպ ունեցած մտահոգությունը։ Նրանք ամաչեցին գոհունակություն հայտնել արքայի հոգատարության համար, երկյուղ կրելով, թե իրենց մասին կմտածեն, որ հանուն հողի են կռվի ելել։ Արքան շարունակում էր խոսել, և նրանք էլ ավելի էին բորբոքվում, իրենց եսը մոռացած մարդկանց հավաքականության դաշտը հարյուրապատկում էր նրանց համակած նոր զգացողությունը՝ հասցնելով նրանց ինքնամոռացության վերին մի վիճակի։ Հանկարծ եթերը բռնվեց երաժշտությամբ։ Այն ասես քայլերգ լիներ։ Զինվորները շուրջը նայեցին, սակայն անկարող եղան պարզել, թե որտեղից է հնչում այն։ Հետո մոռացան այդ մասին, քանի որ երաժշտությունն այնպիսին էր, որ լսելով նրանք ասես խենթանում էին։ Եթե արքայի խոսքից մոռանում էին իրենց եսն ու իրենց հարազատն երի հանդեպ ունեցած մտահոգությունները, ապա երաժշտությունը ջնջում էր նրանց