Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 37

ջահել տղան։ Հիսուն տարեկան եմ, բայց նման դող չի պատել ինձ։ Չէ՛, նա մարդ չէ, գրազ կգամ ողջ կալվածքներիս վրա՝ նրա թիկունքին հիմա պահապան ոգիներ են կանգնած, որ անտեսանելի են մեզ։ Հայր Մարդպետը շունչը պահած՝ ակնապիշ հետևում էր արքայի շարժումներին։ Մեկ էլ հանկարծ զարմանքով նկատեց, որ արքայի խոսքերը չեն հասնում իրեն այլևս. ասես եթերը խտացել էր իրենց միջև։ Հայր Մարդպետն ակամա գլուխն օրորեց՝ իրեն համակած լռությունից ազատվելու համար, և այդ պահին մի լույս կուրացրեց նրան, կուրացրեց ու անէացավ ակնթարթորեն։ «Ի՞նչ էր սա»,— երկյուղելով բարձրաձայնել՝ մտմտաց նա ինքն իր մեջ։ Լույսը կրկին երևաց նրան, այս անգամ զգալի թույլ, այնպես, որ Հայր Մարդպետի աչքերն այս անգամ չկուրացան փայլից, ու նա կարողացավ նշմարել հրե մի շրջանակ արքայի դիադեմի բոլորտիքը։ Տեսարանից ապշահար՝ նա ակամա բաց թողեց պախուրցները, աջն իրենից անկախ գնաց խաչակնքելու, սակայն նույն պահին ներքին մի ալիք ափնեիբաց առաջ նետեց նույն այդ ձեռքը, և այն պարզվեց այնպես, ինչպես իր պապերն Արեգակին էին ողջունել, ու Հայր Մարդպետը շշնջաց. — Ո՛վ Արարիչ ամենակարող, Դո՛ւ, որ ստեղծել ես աստղերն ու ծովերը, Դո՛ւ, որ պտտեցնում ես Երկիրն Արեգակի և իր իսկ շուրջ և զեփյուռներ ես օրորում արևմուտքից արևելք, փափագում եմ քեզ ահա, երկրպագում և ասում՝ ճանաչեցի՛, ճանաչեցի՛... Քողարկված ակնածանքով նա շուրջը նայեց՝ պարզելու համար այլոց արձագանքը, և բոցավառ հայացքների ծով տեսավ մարգագետնի վրա։ Արքան նժույգի բարձրությունից շարունակում էր խոսել զորքի հետ։ Նրա տեսքը, ձայնի առոգանությունը, խոսքի