Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 4
գրավեն Անի բերդը և ճանապարհների փոշիների մեջ քարշ
տան դամբարաններից հանված ձեր թագավորների ոսկորները՝
այդ կերպ խայտառակելով ձեզ և ձեր սերունդներին ողջ
աշխարհի առաջ։ Դա՞ է ձեր ուզածը, տիա՛րք։ Եթե այո, ապա
հիմա ևեթ ազատ եք, ե՛տ դարձեք ձեր կալվածքները, արձակե՛ք
ձեր զինվորներին,— նրանք ավելորդ ծախս են ձեր համար,—
թի՛կն տվեք արևի տակ, գիրացե՛ք, մինչև որ հյուսիսի վայրի
ցեղերը կամ թե պարսիկները գան ձեր փափկասուն
մարմինները ոտնատակելու։ Գնացե՛ք, հիմա ևեթ գնացե՛ք. ես
միայնա՛կ դուրս կգամ Շապուհի դեմ հանուն ազգիս և երկրիս
արժանապատվության և իմ արյամբ ու իմ կյանքով
կվերադարձնեմ հարգանքն իմ ազգի հանդեպ։ Իսկ դա կարևոր է
ամեն ինչից։
— Փոթորի՛կ է, կրա՜կ,— շշնջաց ինքն իրեն ներքին գործոց
նախարար Հայր Մարդպետը՝ գոհունակությամբ շոյելով խիտ
մորուքը։
— Տրդատ արքա՛ն է, որ կա,— անթաքույց հրճվանքով
արձագանքեց Անդոք իշխանը, որ տեղ էր զբաղեցրած գլխավոր
նախարարի կողքին։
— Ո՞ր Տրդատը,— հարցրեց Հայր Մարդպետը
բազմանշանակ։— Ո՞ր Տրդատն է թոռդ։
Անդոք իշխանը հասկացավ ակնարկը ու պատասխանեց՝ ափով
բերանը փակելով.
— Նա, որ դեռ Արևին էր պաշտում։
— Դե, այդպե՛ս ասա։
— Բայց Տրդատ արքան քսան տարեկանում այսքան փոթորկոտ
չի եղել,— ինքնագոհ ավելացրեց Անդոք իշխանը, և Հայր
Մարդպետը նրա ծերունազարդ դեմքին հպարտության
վարդագույն նկատեց։
— Դե, ուրեմն դո՛ւ ես, որ կաս,— կատակեց Հայր Մարդպետը։
Անդոկ իշխանն ի պատասխան այդ խոսքի, ուսով մտերմիկ
հրեց նրան։