Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 3

պատիվը, որ վրե՛ժ լուծեիք դրա համար։ Այն օրերին ձեզ որոնում ու չէի գտնում և ստիպված էի Լազերի լեռների քարայրներում անցկացնել ամբողջ հինգ ամիս, ասես վայրի մի լուսան, որպեսզի ինձ՝ թագաժառանգիս, չորսան ու քարշ չտան Տիզբոն։ Ինչո՞ւ են մեզ պատիվ չբերող անցքեր լինում մեր աշխարհում։ Ես ամոթից թաքնվելու տեղ չէի գտնում, երբ Տարսոնում ինձ լուրեր էին հասնում պարսավելի անհամաձայնությունների մասին, ու չգիտեի՝ ի՜նչ երեսով երևամ հռոմեացոնց։ Ես եղունգներս էի կրծոտում զայրույթից ու անզորությունից։ Եվ ատում էի ձեզ բոլորիդ, որ կորցրել եք Հայրենիքի զգացումը և շարունակում եք ապրել անպատվության մեջ։ Որ ձեր անմիաբանության պատճառով Աղձնիքը, Մոկքը, Ծավդիքը, Ռեյմինան և Կորդուքը զիջվեցին Պարսկաստանին։ Գահասրահում համր լռություն էր։ — Այսօր ես ստանձնում եմ հայոց արքաների գահը, բայց ուրախություն չկա իմ սրտում, քանզի հանգստություն եմ տեսնում ձեր դեմքերին, ասես այդ նահանգները ձեր Հայրենիքին մաս չեն եղել ու պարտք չունեք դուք ձեր նախնիների առջև, ովքեր միասնական երկիր էին ձեզ պատգամել։ Եվ ահա, հարցնում եմ ձեզ՝ դուք այդ հողերը վերադարձնելու նպատակ չունե՞ք՝ հանուն ձեր նախնիների հոգու հանգստության և հանուն պատվի։ Եթե չունեք, ո՞րն է հապա այդ դեպքում ձեր կյանքի իմաստը։ Նվաստացումն ինչպե՞ս եք տանելու։ Ձեր ժառանգների հարցին, թե Հայրենիքն ինչո՞ւ փոքրացավ, ի՞նչ եք ասելու նրանց, երբ որ այն նվազեց ձե՛ր իսկ կենդանության օրոք ձե՛ր անմիաբանության պատճառով։ Արքան դադար տվեց մի պահ։ Ամենքն անշարժանացել էին որպես արձան։ — Իսկ գուցե թե մտածո՞ւմ եք, թե երկիրը դեռ մեծ է ու դեռ էլի կարելի՞ է զիջել՝ հանուն հետագա ժամանավոր հանդարտության։ Այո՞։ Գուցե ուզո՞ւմ եք, որ էլի մեկ անգամ