Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 35

Արքան ափը պարզեց դեպի լեռները։ — Այո՛,— կանչեցին շարքերի միջից։ — Նրանք արցունք ու տառապանք են բերել մեր ծնողներին և այսօր պիտի պատասխան տան դրա համար։ Բայց մեր իրական ծնողներից զատ մենք այլ ծնողներ ևս ունենք։ Դա նախ մեր Հայրենիքն է, որի կենարար զորության շնորհիվ է, որ կանք մենք այսօր։ Մեր վսեմաշուք նախնիներն են, ովքեր Արարչից որպես պարգև ստացել են մեր Հայրենիքը։ Նրանք որպես փարոս լուսավորում են մեր ճամփան ու իմաստ հաղորդում մեր կյանքին։ Մեր ծնողը նաև մեր Արարիչն է, որ շնորհ է արել մեզ Հայրենիք նվիրել. մենք շատ ժողովուրդների գիտենք, ովքեր թափառում են այս ու այլուր անհայրենիք։ Եվ ահա թշնամին, որ հեռու է մեզանից հարյուր քայլ, բզկտում է մեր Հայրենիքը, մեր սուրբ նախնիների ոսկորները դուրս հանում դամբարաններից, նվաստացնում մեր Աստծուն։ Ու մենք իրավունք չունենք հացի նստել, վայելքների տրվել, տղամարդ կոչվել, քանի դեռ չենք կատարել մեր որդիական պարտքը մեր բոլոր ծնողների հանդեպ։ — Այդպես է, արքա՛,— կանչեցին շարքերից,— առաջնորդի՛ր մեզ ի մարտ։ — Առաջնորդի՛ր, առաջնորդի՛ր,— դղրդաց ողջ բանակը։ Արքան համբերությամբ սպասեց լռության վերահաստատմանը։ — Նա, ով կուլ է տալիս անպատվությունը, նա մեռած է, իսկ նա, ով սուրը ձեռքին ելնում է իր պատիվը պաշտպանելու, նա անմահ է։ Ասացե՛ք ինձ, մի՞թե Հայկը ողջ չէ այսօր ու մեզ հետ չէ։ Մի՞թե այսօր մեզ հետ չէ Տիգրան Երվանդունին, ով վերականգնեց հայոց թագավորության անկախությունն ու Մարաց իշխանությունը տապալելով՝ մեր բնակության սահմաններն ընդարձակեցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը։ Նա, որ տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց և մեզ