Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 34
Առջևում կանգնածները թագավորի վեհությունից զգաստացան
անմիջապես։ Պապը նայեց նրանց լայն բաց արած խռովահույզ
աչքերով, ապա ափը վեր պարզեց, որը լռության պահանջի
հրաման էր։ Առաջին շարքերը, որ տեսնում էին արքայի դեմքի
արտահայտությունը, համրացան, հետո լռությունը դանդաղ
սահեց զորաջոկատների վրայով դեպի բանակի թիկունքը՝
խլությամբ պարուրելով ամեն կանչ ու շշուկ։
Զինվորները սեղմվեցին դեպի արքան՝ նրա ամենը բառը լսելու
համար։ Ետին շարքերը, նկատելով սաղավարտների
ծովանալը, անլսելի մի հրամանով մղվեցին դեպի առաջ։
— Իմ սիրելի հայե՛ր, իմ ավա՛գ եղբայրներ։ Ես տարիքով
կրտսերն եմ ձեր մեջ, և ես չէ, որ պիտի ոգեկոչումի խոսքեր
ասեի այսօր ձեզ մարտից առաջ։ Բայց ճակատագրի կամոք ինձ
է այսօր վերապահված դա անելը։
Նրան լսողներն ակամա հիշեցին արքայի ծնողների հետ
պատահած ողբերգությունը, և նրանց սիրտը ճմլվեց ցավից,
ոմանց աչքերում արցունքներ երևացին։
— Հինգ տարի է անցել այն օրից, երբ մեր արքա Արշակը
նենգաբար գերվեց։ Թե ինչ զարհուրանքներ մեզ բաժին հասան
այդ ոճիրից հետո, դուք ինձանից լավ գիտեք։ Եվ մեզանից
յուրաքանչյուրի հոգում վրեժի կրակ է վառվում՝ հատուցում
պահանջելու համար մեր ընտանիքների կրած զրկանքների
համար։ Այդպե՛ս է։ Մենք նաև մեր արքայի համար պիտի վրեժ
առնենք ոսոխից, որ ահա դրոշ է ծածանում մեր դեմ։ Քանզի եթե
անձին հասցված զրկանքը գուցե թե մոռանալ հնարավոր է,
ապա ազգին ու երկրին հասցված վիրավորանքը լվացվում է
միայն արյամբ։ Նրանք խաբեությամբ գերել են մեր թագավորին
ու պատասխան չեն տվել դրա համար։ Նրանք սպանել են մեր
թագուհուն և պատասխան չեն տվել դրա համար։ Նրանք մինչ
այդ նենգաբար կուրացրել էին մեր Տիրան թագավորին և
պատասխան չեն տվել դրա համար։ Պահը եկել է ահա, և այդ
ամենի համար նրանք արյամբ պիտի հատուցեն այստեղ՝
Ձիրավի դաշտում՝ հայոց լեռների հայացքի ներքո։