Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 33

Ստրատելատ Տրայանոսը դեմ եղավ նրա այդ քայլին։ — Բայց ես խոստացել եմ,— համառեց արքան, և ստրատելատը նրա խարտյաշ, խոշոր աչքերում և հոնքերի կորության մեջ անհաղթահարելի կամք տեսավ, որպիսին չէր նկատել երբեք Պապի մոտ։ — Հասկանում եմ քեզ, արքա՛,— ասաց ստրատելատը մեղմ,— բայց քո կյանքը միայն քոնը չէ, և այն վտանգելու իրավունք դու չունես։ — Բայց ես խոսք եմ տվել, և մարդիկ չեն ների, եթե հույժ կարևոր այս պահին ես կռվին հետևեմ հեռու մի բարձունքից։ — Մարդիկ կներեն,— ասաց ստրատելատը,— նրանք իրենք էլ գիտեն, որ արքան հիմա իրավունք չունի վտանգել իր կյանքը։ Պապը, միևնույն է, անդրդվելի էր. նա ձիգ տվեց պախուրցները, և նժույգը ծառս եղավ տեղում, պատրաստ ամեհի ցատկի։ — Անգամ եթե ժողովուրդը ների, իմ սիրտն ինձ կմեղադրի,— եղավ արքայի պատասխանը։ Ստրատելատը երկյուղած դեմքով, ձեռքը մտերմիկ դրեց արքայի ազդրին և թախանձախառն ձայնով ասաց, թե ինքը կեսարի առաջ գլխով է պատասխանատու թագավորի համար, և որ արքաները մինչ գահ բարձրանալն են փորձում իրենց մարտերում, և հիմա կառավարելու ժամն է արդեն։ Արքան խորհեց նրա խոսքերի վրա։ — Լավ,— ասաց նա,— թող այդպես լինի, բայց ես խոսել եմ ուզում իմ զինվորների հետ։ Ու չսպասելով, որ թիկնապահները միջոցներ ձեռք առնեն և մունետիկներն իրենց բարձր աթոռները տեղավորեն թմբերի վրա, խթանեց նժույգին ու գնաց, կանգնեց հայոց բանակի առջևում։ — Արքա՜ն, արքա՜ն,— ճանաչելով՝ կանչեցին այս ու այն կողմից։