Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 32

— Կրկնի՛ր այն, ինչ կլսես, զավակս,— կարգադրեց-հորդորեց Շահաբը նրան։ Գլուխ հինգերորդ Խավարից ծնունդ առնող լուսաբացը նախ խամրեցրեց Արածանի գետի երկու կողմերում սփռված հազարավոր խարույկների փայլը, ապա կաթնամուժի միջից երևակեց սրագագաթ վրանների ուրվագծերը, որոնք այնքան շատ էին, որ մեծ քաղաք էին հիշեցնում։ Շարժում նկատվեց զույգ ճամբարներում, սկզբում ծույլ ու քնաթաթախ, ապա ավելի ու ավելի կայտառ։ Երկինք ձգվող ծխի քուլաները բարակելով՝ անէացան, մոտալուտ ճակատամարտի հոտ առած նժույգների վրինջ լսվեց, գումակից բերվող զենքեր փայլեցին լեռները հաղթահարած արևի առաջին ճառագայթներից։ Շատ չանցած՝ մեղվապարսային աշխություն էր ողջ հարթավայրի վրա, միայն գետն էր իր սովորական հանդարտ ընթացքի մեջ։ Գետի ձախ ափից, ուր հայերի և հռոմեացիների բանակներն էին գիշերել, շեփորների մոտեցող կանչ լսվեց, բարձր պահված դրոշների կատարներ երևացին անհարթ մարգագետնի վրա, ապա հայտնվեց փոշուց հալածվող հեծյալ մի ջոկատ. Պապ թագավորն էր ժամանում կաթողիկոսի, նախարարների ու հռոմեական բանակի ստրատելատի հետ։ Հայոց բանակում ակտիվությունը սաստկացավ, ամենքը ելան՝ արքային ողջունելու. նա, ինչպես խոստացել էր, ընտանիքի հետ էր։ Թմբուկների որոտի ներքո հայ զորականները մարտաշարք կազմեցին։ Արքան ուսերից առավ պատմուճանը, Գնելին կարգադրեց բերել իր ասպազենը։ — Ես կկռվեմ զորքի առջևում, ինչպես խոստացել էի,— ասաց՝ Գնելի օգնությամբ սպառազինվելով նժույգի վրա։