Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 31

անսխալ, տասը հազար արթուն դիտապահակ Միհրին, ռազմադաշտում անվնաս պահի՛ր թշնամու նիզակից ու սլացող նետից։ Պաշտում եմ ճշգրիտ խոսքերի առաջնորդ, առատություն ու հարստություն պարգևող, քաջ ու ռազմիկ, դևերին հարվածող, անհավատներին, մեղավորներին ու ուխտադրժողներին պատժող, արարչական սրբազան խոսքի տեր Միհրին։ Դու փառք ու պատիվ ես պարգևում, բարօրություն ու հարստություն պարգևում, տունն ու ընտանիքը լիցքավորում ես խրախճանքով ու ուրախությամբ, իսկ թշնամիների տունն ու տեղը՝ ավերում։ Դու բարեպաշտ հավատացյալների նվիրատուն ես, կարգ ու կանոնը, գեղատեսիլ, բարեկազմ ու հոյանդամ կանայք, քաջակորով զավակներ, արագընթաց նժույգներ, լավագույն ռազմակառքեր, շքեղ ապարանքներ, նրբագեղ ու անուշաբույր անկողիններ քո շնորհիվ են արարվում։ Ուստի հետևորդները աղոթում են. Ո՛վ Միհր, մեր օրհներգերը լսելով, ընդունի՛ր մեր աղոթքն ու զոհաբերումը, իջի՛ր քեզ պաշտողների մոտ։ Նկատի ունենալով հետևորդներիդ հետ երջանկության դաշինքիդ կայունությունը՝ տո՛ւր մեզ հարստություն, հզորություն, հաղթանակ, երջանկություն, բարօրություն, արդարություն, բարեհռչակություն, հոգեկան անդորրություն, ճանաչման ունակություն, իմաստասիրություն, հաղթանակը Արամազդաստեղծ և սրբազան խոսքն արարչական, որպեսզի այս պարգևներով օժտված՝ հաղթենք մեր թշնամիներին։ Դու ուխտադրուժ թշնամու ռազմիկների աչքերն ես կուրացնում, բազուկները ետկապում, ականջները խլացնում, ոտքերը թմրեցնում, որպեսզի անձնատուր լինեն։ Դու, որ լույսի, շողի ու ճառագայթի Դից ես, և արշալույսին մթության դեմ ես պայքարում, ականջալո՛ւր եղիր մեզ։ Ավարտելով խոսքը՝ Շահաբը շարունակեց մնալ արձանացած նույն դիրքով, ասես սպասում էր պատասխանի, ապա դառնալով դեպի արքան՝ նրան հրավիրեց որմնախորշի մոտ։ Արքան հնազանդ ենթարկվեց նրան։